Վանաձորում այս պահին անձրեւի տակ շինարարները ասֆալտապատման աշխատանքներ են իրականացնում:

Ինչպես Վանաձորից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրեւի տակ քաղաքի գլխավոր` Թումանյանի փողոցում, հին հանրախանութի մոտ, ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում: Հատկանշական է, որ բանվորները ասֆալտը փռելուց առաջ, ասֆալտապատման համար փորված փոսերից բահերով հեռացնում են ջուրը (որքանով դա հնարավոր է բահով), որպեսզի կարողանան կատարել իրենց աշխատանքը:

Վանաձորի բնակիչները նշել են, որ առաջին անգամ են տեսնում, որ անձրեւի տակ ասֆալտապատման աշխատանքներ կատարվեն:

«Այս ասֆալտից մի քանի ժամ անց ոչինչ չի մնա: Իսկ քաղաքապետարանն ու մարզպետարանը կլասիկ փողերի լվացում են կատարում: Անձրեւը փողոցն է լվանում, իրենք էլ` փողերը»,- դառը կատակով ֆոտոլրագրողին ասել են վանաձորցիները:

Լուսանկարները  եւ  տեսանյութը՝  Գագիկ  Շամշյանի