«Ժառանգության» պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանը եւ Արմեն Մարտիրոսյանն այսօր` մայիսի 11-ին հանդիպել են ԱՄՆ Պաշտպանության պետական համալսարանի Պատերազմի պետական քոլեջի պատվիրակությանը:

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայ պատգամավորները ներկայացրել են «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումները Հայաստանի արտաքին բարդ միջավայրի, անվտանգության խնդիրների, արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ:

Ամերիկացի վերլուծաբանների խնդրանքով, «Ժառանգության» պատգամավորները ներկայացրել են կուսակցության հիմնավորումները ԼՂՀ ճանաչման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, մասնավորապես` Ցեղասպանության ճանաչման, պատմական հայրենիք ու նրա ժառանգության մատչելիության, Ադրբեջանի ու Թուրքիայի ներկայիս քաղաքականության շարունակվելու դեպքում անխուսափելի բացասական հետեւանքների ու այլ տարածաշրջանային հարցերի կապակցությամբ:

Հարցուպատասխանը ներառել է նաեւ ապագա ընտրություններին  «Ժառանգություն» կուսակցության մասնակցության ձեւաչափերին, ժողովրդավարական ընտրությունների ու քաղաքական գործընթացների հեռանկարը մթագնող գործոններին վերաբերող հարցեր: