«Հայաստան» համահայկական հիմնադրամը վերակառուցում է ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման ներքին ցանցի 13 գոտիներից 10-րդ եւ 11-րդ գոտիները: Դրանք ընդգրկում են Ստեփգէս եւ Արմենավան թաղամասերի Գ.Պարսեղով, Վ.Մամիկոնյան, Բաղրամյան, Լազարեւ, Դավիթ Բեկ, Կամո, Մուրացան, Սասունցի Դավիթ, Ազատամարտիկների, Իոսիֆյան, Տերյան, Բաբաջանյան, Շինարարների, Շմավոնի, Վ.Սարոյան փողոցները եւ Մաշտոցի պողոտան: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Հայաստան» հիմնադրամից:
Ստեփանակերտը ջուր է ստանում Վարարակն, Տրագետ եւ Մեղրագետ գետերից ու ստորգետնյա աղբյուրներից: Քաղաքի ջրամատակարարման համակարգը` կառուցված 1950-ական թթ-ին, ունի 140 կմ երկարություն: Համակարգը խիստ մաշված է, որի հետեւանքով ջրի մեծ կորուստներ կան: Բնակիչներն օրական երկու ժամ են ջուր ստանում, սակայն վերանորոգումից հետո կունենան շուրջօրյա ջրամատակարարում:




























