Սեւանի թերակղզում ոչ թե ապօրինի ծառահատում է եղել, այլ ջրածածկման ենթակա տարածքների օրինական մաքրում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ մամուլում հաղորդագրություն էր տարածվել, որ մայիսի 8-ին Սեւան քաղաքի ոստիկանության աշխատակիցները կանխել են թերակղզում ապօրինի զանգվածային ծառահատումը: Քաղաքացիների դիմումի հիման վրա ժամանած ոստիկանության աշխատակիցներին պարզաբանվել է կատարվող աշխատանքների օրինականությունը, եւ աշխատանքները ոչ միայն չեն կասեցվել, այլեւ շարունակվում են:
Սեւանա լճի, որի մակարդակը տարեցտարի բարձրանում է, ջրի մաքրությունն ապահովելու նպատակով 2010 թվականին մաքրվել է 174 հա ջրածածկ տարածք, իսկ այս տարի նախատեսվում է անտառամաքրման աշխատանքներ իրականացնել մոտ 283 հա տարածքի վրա: Ներկայում ծառերից եւ թփերից մաքրվում է 1901,5 մետր նիշից ցածր գտնվող տարածքը:
Մայիսի 8-ին մաքրման աշխատանքներ էին կատարվել ու նաեւ շարունակվում են հանրային լողափերի համար ընտրված տարածքներում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշումով Սեւանա լճի ափին ստեղծվելու են հանրային լողափեր: Այդ նպատակով կօգտագործվեն Սեւանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտար տարածքը եւ 1,47 հեկտար` թերակղզու հատվածում:
Սեւանա լճի ավազանի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու նպատակով բնապահպանության նախարարությունը անտառտնկման աշխատանքներ է իրականացնում առափնյա բարձրադիր հատվածներում:




























