«Ելնելով պատմական եւ քաղաքական անհրաժեշտությունից» Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը որոշել է «Ազգային» ճակատ» նոր քաղաքական ալյանսի ձեւավորել:

Այսօր` մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ազդարարեց  այդ ալյանսի ձեւավորման մասին` որպես քաղաքացիական հասարակության հենքի վրա կուսակցությունների եւ անկուսակցականների համազգային դաշինք:  

Մարքսիստի խոսքով, դաշինքի գերագույն խնդիրն է` «բացառելով ֆինանսական տոտալիտարիզմը, քաղաքական գործամոլությունը, ձերբազատվել կաղապարված խունտիստական կուսակցականության խեցեպատյանից ու տորիչելյան դատարակության աստիճանի հասնող գաղափարական հեթանոսությունից եւ համազգային կադրային բազայի վրա 2012թ պառլամենտական ընտրություններում ձեւավորել սկզբունքորեն նոր տիպի պառլամենտարիզմի ինստիտուտ, նոր պետական մեքենա` նոր ազգային եւ նոր տնտեսական քաղաքականությամբ: Դա, ըստ նրա,  կարող է դառնալ հայ ժողովրդի կենսաբանական եւ ֆիզիկական անվտանգության երաշխավորը:

«Սա ազգի պոտենցիալ կարողությունների ու բանականության դաշինքն է, առաջնորդությունը` առաքյալների սկզբունքով: Ազգի միասնությունը վեր է ամեն ինչից, ազգը վտանգված է, հայեր միաբանվեք»,- ասաց նա: