Երկիրը դարձել է երեք նախագահների կռվախնձոր, իրենց հայտարարած ընդդիմադիր քաղաքական սուբյեկտները գործում են ազգային շահին անհարիր: Այսօր` մայիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայաստանյան «քաղաքական սուբյեկտներին» վերլուծեց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահը Դավիթ Հակոբյանը:
Առաջին քաղաքական սուբյեկտն, ըստ նրա, ՀՅԴ-ն է: Դավիթ Հակոբյանի խոսքով, նրանց սկզբունքներն են «առաջ մորթիդ, նոր որդիդ, ջուր են տեսնում, ձուկ են դառնում, հող են տեսնում, մուկ են դառնում»:
Մարքսիստի գնահատմամբ, ՀՅԴ-ն չափից ավելի վառ քաղաքական կերպարանափոխությունների ենթարկվեց:
Երկրորդ քաղաքական ուժը «Ժառանգությունն» է, որը, Դ. Հակոբյանի խոսքով, կրիայի նման իր պատյանից գլուխը չի հանում, թաղված է անորոշության եւ անհայտության մեջ: Երրոդ քաղաքական ուժը, Դավիթ Հակոբյանի խոսքով, «ՀԱԿ-ի կերպարանափոխված ՀՀՇ-ն է իր տասնյակ արբանյակների հետ, որը քաղաքական եւ բարոյական կրախ ապրեց քաղաքական որկրամոլության հետեւանքով եւ որի արդյունքում դարձավ իշխանության արցախյան վիկինգների քաղաքական դինաստիայի սպասավորը»:




























