Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն անլուրջ է վերաբերում Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի հայտարարություններին եւ ՀԱԿ-ի հասցեին հնչեցված գնահատականներին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 12-ին Սարգսյանն, անդրադառնալով Հակոբյանի հայտարարությանը, թե «ՀԱԿ-ն իր արբանյակներով քաղաքական եւ բարոյական կրախ է ապրել» եւ դարձել «արցախյան վիկինգների դինաստիայի սպասավորը», ասաց. «Ես կասեի, որ արբանյակը մարքսիստն է, ով այս դաշտից այն դաշտ է թռչում: Չմոռանանք նաեւ, որ նա անդամագրվել էր ՀԱԿ-ին եւ չունենալով լրջագույն դերակատարություն ՀԱԿ-ում, նաեւ բավարարված չտեսնելով իր ամբիցիաները, փորձում է իրեն մեկ այլ տեղ գտնել: Իսկ ՀԱԿ-ի կրախի մատնվելու մասին խոսելու համար առնվազն պետք է քաղաքականապես կույր լինել»:
Նրա խոսքով` այսօր չկա ՀԱԿ-ին համարժեք որեւէ քաղաքական ուժ, որը կարողանա քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունենալ:
«Այդ թվում ես տեսնում եմ նաեւ իշխանական հատվածի ուժերին, որոնք այսօր մրցակից չեն ՀԱԿ-ին»,-հայտարարեց ՍԴՀԿ ատենապետը: Նա միաժամանակ հավելեց, որ շատերը նախանձով են վերաբերում ՀԱԿ-իշխանություն երկխոսության հնարավորությանը, քանի որ «իրենց դերակատարությունն ուղղակի վերանում է»:
«Եթե կար իշխանություն, կար ընդդիմություն եւ կային իշխանությանը սպասարկողներ, ովքեր ճիշտ անհրաժեշտ պահին կարողանում էին ՀԱԿ-ի ուղղությամբ չարախոսություններ եւ բամբասանքներ տարածել: Այսօր այս սպասարկողների դերակատարությունն ի սպառ վերացած է: Կա ՀԱԿ, կա իշխանություն, որոնք այսօր թեկուզ վիրտուալ երկխոսության հնարավորություն ունեն, ինչը շատերի մոտ խանդ է առաջացնում»,-հայտարարեց Սարգսյանը: Նա նաեւ հավելեց, որ ներկա դրությամբ իշխանություն-ՀԱԿ «տետ ա տետ» երկխոսություն գոյություն չունի, ընթանում է բաց, հեռակա դիալոգ:




























