Երգահան Արթուր Իսպիրյանը կցանկանար, որ Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին ներկայանար առավել խորը եւ արժանապատիվ, ոչ թե «Boom-Boom» -ի նման ոչինչ չասող կատարմամբ։ Այս մասին արտիստն ասաց մայիսի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի, որ հաջորդ տարի Հայաստանն այդ մրցույթին մասնակցի ռոք կատարմամբ, պրոֆեսիոնալ թիմով, ընդ որում, լավագույն  տարբերակ կարող է լինել, օրինակ, «Դորյանս» խումբը»,- նկատեց Իսպիրյանը։

Նրա խոսքով, Էմմին բազմաթիվ արժանիքներ եւ մրցանակներ ունի, լուրջ երգչուհի է, եւ «Եվրատեսիլին» մասնակցելիս պետք է տուրք տար ոչ թե կոմերցիոն կարգի կատարմանը, այլ մասնակցության համար առավել խորը, լավ գործիքավորված եւ լուրջ երգ ընտրեր։

«Եթե «Boom-Boom»-ը ներկայացվեր նախորդ տարի, գուցե նույնիսկ հաղթող ճանաչվեր, սակայն  ինչպես երեւաց, այս տարի մրցույթի կազմակերպիչներն առավել մեծ ուշադրություն դարձնում էին երգերին, ոչ թե շոուին»,- ասաց երգահանը։

NEWS.am-ի հարցին, թե հետեւություններ կանի՞ Հանրային հեռուստաընկերությունը այս տարի կրած ձախողումից եւ կփորձի՞ հաջորդ տարի առավել հետաքրքիր կատարում ուղարկել Եվրոպա, Իսպիրյանը նշեց. «Իհարկե, մյուս տարի առավել լավ եւ պրոֆեսիոնալ երգ կուղարկվի, որովհետեւ Հանրայինն Էմմիի հաղթանակը նրանից էլ շատ էր ցանկանում»:

Երգահանը կարեւոր համարեց, որ այս դժվար պահին բոլորս պետք է աջակցենք Էմմիին, նրան մենակ չթողնենք։

Ամփոփելով՝ արտիստը նկատեց, որ հավանել է Ադրբեջանի եւ մանավանդ Վրաստանի կատարումները։

Նշենք, որ մայիսի 11-ին տեղի ունեցած «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչում Էմմին պարտություն կրեց եւ եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Ադրբեջանը, Վրաստանը, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները։

Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը։ Ի դեպ, վերջին վեց տարում Հայաստանն առաջին անգամ չանցավ եզրափակիչ: