Եթերը վերածվել է աղբի. ռեյտինգ ապահովելու համար հեռուստաընկերությունների սեփականատերերը պատրաստ են լափով կերակրել այս ազգին, բայց մենք լափ ուտողը չենք, եթե աղբը լավ բան է, թող իրենք էլ ուտեն։ Մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայկական եթերի մասին նման քննադատական կարծիք հնչեցրեց երգահան Արթուր Իսպիրյանը։

Նրա խոսքով, «ռեստորանը տեղափոխվել է եթեր», հեռուստատեսությունը ողողել են արաբական ռիթմերը, որոնցից պետք է ազատվել։ «Եթե ինձանից կախված լիներ, ես կմաքրեի դաշտը, եւ կլինեին մարդիկ, ում կատարումները պարզապես եթեր չէին հեռարձակվի»,- նկատեց երգահանը՝ միաժամանակ հրաժարվելով անուններ տալ։

Իսպիրյանը նշեց, որ հայկական եթերը մաքրելու համար պետք է գեղխորհուրդ ստեղծվի, որը կազմված կլինի լուրջ մարդկանցից, ովքեր էլ կընտրեն այն  հաղորդումները, որոնք պետք է եթեր հեռարձակվեն։