Հայաստանում վերջին շրջանում մեծ թափ է ստանում հողամասի նպատակային նշանակության կարգի փոփոխումը։ Դա հատկապես կարեւորվում է այն ժամանակ, երբ անհրաժեշտ է գյուղաըտնտեսական հողերի վրա արդյունաբերական (օրինակ՝ լեռնահանքային) գործունեություն տարածել։
Հողամասի նպատակային նշանակության փոփոխման գործող կարգը ենթադրում է 6 նախարարությունների հետ համաձայնեցման գործընթաց։ Փաստացի՝ այս համաձայնեցումը կարող է տեւել 9 ամիս։ Այս բյուրոկրատական քաշքշուկները վերացնելու համար կառավարությունն այսօր՝ մայիսի 12-ին ընդունեց որոշում, որի համաձայն՝ եթե նախարարությունը 5-օրյա ընթացքում կարծիք չի տալիս, այն ավտոմատ համարվում է դրական։
Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց հետեւյալը. «Մենք պարտավոր ենք այդ ծառայությունների տրամադրման ժամկետն էապես կրճատել։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Փաստաթուղթը գնում է նախարարություններ եւ շաբաթներով մնում այնտեղ։ Պետք է զանգենք, խնդրենք, որ բյուրոկրատները թղթերը շրջանառության մեջ դնեն, ուղարկեն կառավարություն, որպեսզի որոշում ընդունվի։ Ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել»։
Ըստ վարչապետի՝ չինովնիկները միտումնավոր են ձգձգում հարցը, մինչեւ ինչ-որ մեկը բարեխոսի։ «Ինչի՞ է պետք նման ռիսկեր ստեղծելը»,- եզրակացրեց Տ. Սարգսյանը։




























