Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանին` շնորհավորելով ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տ. Սարգսյանի ուղերձում, մասնավորապես ասվում է. «Ձեր ստեղծագործական ժառանգությունը արդեն երկար տասնամյակներ հանդիսանում է հայկական մշակութային գանձարանի նշանակալի մասը, որով մեր ժողովուրդը ներկայանում է աշխարհին:
Լինելով հայ ժողովրդի դարավոր ընթացքի, հոգեւոր մշակութային ժառանգության քաջահմուտ գիտակն ու կրողը` Դուք այդ ամենը վառ տաղանդով արտացոլել եք երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող Ձեր ստեղծագործություններում, որոնք շարունակ հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում` փառավորելով Ձեր եւ Ձեզ ծնած ժողովրդի անունը: Ձեր ներկայությունը անչափ լեցուն է մեր մշակութային-հասարակական կյանքում` թե որպես առաջնակարգ կոմպոզիտոր, թե որպես մանկավարժ ու միրզոյանական դպրոցի հիմնադիր: Ձեր մարդկային ու քաղաքացիական բազմաթիվ առաքինություններից առանձնանում է անսահման համեստությունը` առավել զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը»:
Տիգրան Սարգսյանը հանրաճանաչ կոմպոզիտորին մաղթել է առողջություն, անսպառ եռանդ եւ արեւշատություն:




























