Եղվարդի խճուղում այսօր` մայիսի 12-ին, ժամը 16:30-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարը տեղի է ունեցել «Արմենիա» հեռուստաընկերությունից Եղվարդ տանող ճանապարհին: Իրար են բախվել 3 ավտոմեքենա` Lexus մակնիշի 19 ՏՍ 278 համարանիշի,  «ՎԱԶ-2107» մակնիշի 10 ՏՏ 709 եւ «ՎԱԶ-21010» մակնիշի  99 ՍՍ 011 համարանիշի մեքենաները:

Դեպքի վայր են ժամանալ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի աշխատակիցները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով «ՎԱԶ-2107» ավտոմեքենայից դուրս բերեցին վարորդին, ում տեղափոխեցին շտապօգնության հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայրում չկան ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, իսկ քիչ առաջ ժամանեցին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի եւ նրա տեղակալ Հայկազ Մաթեւոսյանի գլխավորությամբ: 

Ականատեսների վկայությամբ, բախման արդյունքում Lexus մեքենան շրջվել եւ գլորվել է, իսկ «ՎԱԶ-2107»-ը հայտնվել էր մայթեզրին: Դեպքի վայրում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, եւ առաջացել է խցանում:

Լուսանկարները  եւ  տեսանյութը՝  Գագիկ  Շամշյանի