Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում Սուրբ Աննա եկեղեցու շինարարությունն սկսելուց առաջ դրա նախագիծն առավել լայն քննարման պետք է դրվեր, մինչդեռ եկեղեցու կառուցապատումը մեկնարկել է Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի եւ մշակույթի նախարարության՝ նախագծին հավանություն չտալու պարագայում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսմ մասին ասաց ինքը՝ Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
«Կաթողիկե եկեղեցին եւ դրա կառուցման վայրը Երեւանի համար այնքան կարեւոր են, որ նախագիծն անկասկած պետք է ընտրվեր մանրամասն քննարկումների եւ մրցույթի արդյունքում, այնինչ հովանավորը՝ Վահագն Հովնանյանն ինքն է ընտրել մի երիտասարդ ճարտարապետի նախագիծը։ Իրականում քիչ չէին այն ճարտարապետ-նախագծողները, որոնք հրաշալի տարբերակեր ունեին, եւ որքան բազմազան լինեին դրանք, առավել ճիշտ ընտրությունն կկատարվեր»,- համոզմունք հայտնեց Մինասյանը։
Նշենք, որ կաթողիկոսական նստավայրի եւ Սուրբ Աննա եկեղեցու շինարարությունն ամբողջովին հովանավորվում է Հրայր եւ Աննա Հովնանյաններ բարեգործական հիմնադրամի կողմից։ Եկեղեցու հիմնարկեքը տեղի էր ունեցել ապրիլի 30-ին։ Դրան մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Բ-ն:
Հիշեցնենք նաեւ, որ «Դադարեցրեք Կաթողիկեի այլանդակումը-Հիմա» նախաձեռնող խումբը մայիսի 13-ին, ժամը 19.00-ին, Կաթողիկե եկեղեցու մոտ բողոքի ակցիա է անցկացնելու:
Եկեղեցու շինարարության համար հայտարարված տենդերի հաղթող ճանաչված «Չիլինգարյան դիզայն քոնսթրաքշն» ընկերությունը ներկայումս Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Կաթողիկե եկեղեցուն կից շինարարություն է սկսել: Նոր նախագծով նախատեսվում է փոքրածավալ կաթողիկեին կից կառուցել ծավալով տասնապատիկ անգամ ավելի մեծ Ս. Աննա եկեղեցին, իսկ մի քանի մետր հեռավորության վրա` եռահարկ կաթողիկոսական երեւանյան նստավայրը:




























