Թերթը զրուցել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ: Հարցին, թե ինչի՞ շուրջ կարող են երկխոսել ՀԱԿ-ն ու իշխանությունը, եթե երկխոսություն ասելով` կողմերը տարբեր բաներ են ենթադրում, քաղաքագետը պատասխանել է.
«Որոշակի քաղաքական երկխոսություն, այնուամենայնիվ, կա, եւ այն անհրաժեշտ է երկու կողմերի համար էլ: Իշխանությունը այս կերպ արտաքին աշխարհին, նաեւ ներքաղաքական դաշտին ու հասարակությանը ցույց է տալիս, որ պատրաստ է երկխոսության քաղաքական յուրաքանչյուր ուժի հետ եւ ապահովում է հերթական խորհրդարանական ընտրություններին առավել վստահ մասնակցելու բոլոր հնարավորությունները:
Արմատական ընդդիմությունը, ի վերջո, համաձայնել է երկխոսության մեջ մտնել, քանի որ հասկացել է, կարծում եմ, որ 2008-ի նախագահական ընտրություններից առաջ որդեգրած ու հաջորդած երեք տարիներին կիրառած ռազմավարությունն ու մարտավարությունը սպառել են իրենց:
ՀԱԿ-ը հիմա փորձում է ինչ-որ նոր ռազմավարություն որդեգրել` հրաժարվելով «փողոցային» մեթոդներով քաղաքական պայքարից: Ծայրահեղական գործողություններից նրանք անցում են կատարում կառուցողական դրսեւորումների եւ հավաստիացնում են, թե այսուհետ իրական, քաղաքակիրթ քաղաքականություն են վարելու: Միգուցե այսպես շարունակելու դեպքում ՀԱԿ-ը մասնակցի նաեւ հերթական խորհրդարանական ընտրություններին:
Կարծում եմ, նրանք եւս համոզվել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինի, եւ Լ.Տեր-Պետրոսյանը ամեն ինչ անում է իր էլեկտորատն ընդլայնելու համար:
Իշխանության հետ երկխոսության հետեւանքով ՀԱԿ-ը եւ նրա առաջնորդը կկորցնի իր ընտրազանգվածի ծայրահեղականորեն տրամադրված, նաեւ մարգինալ հատվածի աջակցությունը: Միաժամանակ հնարավորություն կստանա ավելացնել իր քվեատուների թիվը այն շատ ավելի մեծ զանգվածի հաշվին, ովքեր դժգոհ են, կողմ են բարեփոխումներին, բայց չեն ուզում դրանք իրականացնել ռադիկալ քայլերի, հեղաշրջման կամ արյունահեղությունների, բռնությունների միջոցով:
Հետեւաբար Լ.Տեր-Պետրոսյանը երկարաժամկետ խնդիրներ լուծելու ռազմավարություն է ընտրել, որը կարճաժամկետ հատվածում նպաստավոր է իշխանության համար, բայց հեռանկարային է ու նոր հնարավորություններ է խոստանում ՀԱԿ-ին»:





























