«Պահպանենք Հանրապետության հրապարակը» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր անհամաձայնությունն է հայտնում Հանրապետության հրապարակում վեր խոյացող աշտարակ կառուցելու դեմ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք, մի խումբ քաղաքացիներ եւ ճարտարապետներ, Քաղաքաշինության նախարարության պաշտոնական կայքից եւ մամուլից տեղեկանալով, որ նախատեսվում է Երեւանի Հանրապետության հրապարակում գտնվող ՀՀ Կառավարական թիվ 1 շենքի համար կառուցել վեր խոյացող աշտարակ, հայտնում ենք մեր անհամաձայնությունը նշված գաղափարին ու կոչ անում ՀՀ կառավարությանը դադարեցնել նշված ուղղությամբ սկսված աշխատանքները։

Մենք գտնում ենք, որ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի կողմից իսկզբանե նախատեսված աշտարակի իրականացումը ժամանակավրեպ է եւ անտեղին, քանի որ.

- ներկայացաված նախագիծը իրենից ներկայացնում է թամանյանական գաղափարի փոփոխված տարբերակը,
իսկ Երեւանը տեսել է թամանյանական գաղափարների “արդիականացման” տապալված օրինակներ՝ հանձինս գրեթե անմարդաբնակ Հյուսիսային պողոտայի
- անթույլատրելի է պետական պաշտոնյաների աշխատասենյակներում փակ ու անհասականալի պայմաններում մշակել Հանրապետության գլխավոր հրապարակում իրականացվող քաղաքաշինական նման խոշորածավալ եւ կարեւոր միջամտություն, ավելին` նրանց թույլատրել զբաղվել դրա նախագծմամբ
- ըստ ՀՀ Քաղաքաշինության մասին օրենքի նման քաղաքաշինական խոշոր ծրագրի իրականացումից առաջ պետք է իրականացվեն պատշաճ հանրային, ինչպես նաեւ մասնագիտական քննարկումներ, ինչը տվյալ դեպքում չի կատարվել
-  Հանրապետության հրապարակի համալիրը այսօր էականորեն տարբերվում է Թամանյանի կողմից նախագծված հրապարակից, այդ իսկ պատճառով նախատեսվող աշտարակի կառուցումը խաթարելու է հրապարակի առկա համընդհանուր տարածական լուծումը
- ժողովրդավարական հասարակության արդի ընկալումների համատեքստում աննպատակահարմար է պետական կառավարչական շենքերի շեշտումը ու մոնումենտալացումը
-  Երեւան քաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված կենտրոնը չի կարելի ծանրաբեռներ նոր վարչական շենքերի կառուցմամբ, ավելին՝ այն պետք է ազատել կառույցներից զարգացնելով քաղաքի թերզարգացած ծայրամասերը:

Մեկ անգամ եւս, կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը դադարեցնել նշված ուղղությամբ սկսված աշխատանքները, որից հետո սկսել քննարկումների նշված խնդիր շուրջ։ Պատրաստակամ ենք մեր ակտիվ մասնակցությունը բերել ցանկացած ձեւաչափի եւ ընդգրկման բաց ու թափանցիկ գործընթացի։

Վստահ ենք, որ ՀՀ Կառավարությունը կկատարի շոշափելի քայլեր այս ուղղությամբ բացառելու այս քաղաքաշինական սխալ ու հապճեպ որոշման իրականացումը»: