Երեւանի քաղաքապետարանի գեղարվեստի խորհուրդն այս տարվա իր առաջին նիստում քննարկել է Գարեգին Նժդեհի ձիարձան-հուշարձանի նույնանուն հրապարակում տեղադրման եւ Երեւան քաղաքում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման առաջարկները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը վարել է խորհրդի նախագահ, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Առաջին հարցի վերաբերյալ ծավալված քննարկման ընթացքում խորհրդի անդամները տարբեր կարծիքներ են արտահայտել ինչպես ձիարձանի գեղագիտական, այնպես էլ արձանի տեղադրման ճարտարապետական լուծումների առնչությամբ: Քաղաքապետն առաջարկել է հետաձգել հարցի քննարկումը՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետին հանձնարարելով հաջորդ նիստին հարցը ներկայացնել մասնագիտական խմբի կողմից համակողմանի քննարկելուց հետո:
Գեղարվեստի խորհուրդը քվեարկությամբ հավանություն է տվել հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի արձանի տեղադրման հարցին: Առաջարկված երկու տեղերից խորհուրդը հավանություն է տվել արձանը Աբովյան փողոցում, նախկին մանկական հանրախանութի հարակից տարածքում, բարերարի միջոցներով կառուցված Առնո Բաբաջանյան համերգասրահի հարեւանությամբ տեղադրելու առաջարկին:




























