ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ողջունում է Ղրղըզստանից ԼՂՀ տեղափոխվելու եւ այնտեղ բնակություն հաստատելու ցանկություն հայտնած համշենահայերի որոշումը, սակայն կարծում, որ նրանց առջեւ կրոնափոխ լինելու եւ քրիստոնեություն ընդունելու պայմանն առաջինը պետք է դրվի։ Նման տեսակետ դաշնակցական գործիչը հայտնեց մայիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Լավ է, որ Ղարաբաղում ապրել ցանկացողների թիվը մեծանում է։ Պետությունը պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի ղրղըզստանաբնակ համշենահայերին եւ այս հարցում օգնի նրանց»,- ասաց նա։

Լրագրողներից մեկի հարցին, թե վտանգ չե՞ն ներկայացնի արդյոք մահմեդականացված համշենահայերի 200 ընտանիքները ԼՂՀ անվտանգության համար, Մանոյանը հույս հայտնեց, որ՝ ոչ, եթե մանավանդ ժամանակի հետ այդ մարդիկ հավատափոխ լինեն եւ վերադառնան իրենց քրիստոնեական արմատներին։

Նշենք, որ ղրղըզստանցի համշենահայերը մտադիր են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովը։ Համշենահայերին ԼՂՀ տեղափոխելու ծրագրի մշակման նպատակով նա ժամանել է Հայաստան։ Կարաբաջակովը Հայաստանից կմեկնի Արցախ, որպեսզի համշենահայ 200 ընտանիքների բնակության համար առավել հարմար վայր ընտրի։

Քրիստոնյա համշենահայերին Կրասնոդարի երկրամասից եւ Աբխազիայից, իսկ մահմեդական համշենահերին՝ Միջին Ասիայից, Լոռու գյուղերից մեկը տեղափոխելու փորձ արվել էր նաեւ 1984 թվականին, սակայն Սպիտակի երկրաշարժից հետո այս գաղափարն իրականացնել չէր հաջողվել։