Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, մայիսի 12-ին նա ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել մոտ 70 գիտնականների եւ մշակութային հայտնի գործիչների հետ: Այս տեղեկատվությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը: Նրա խոսքով`հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես մշակույթին, արվեստին, գիտության, կրթության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր, այնպես էլ գլոբալ խնդիրներ:
Խաչիկ Գալստյանն ասաց, որ հանդիպման բոլոր մասնակիցներին`ակադեմիկոսներ, ինստիտուտների տնօրեններ, պրոֆեսորներ, երաժիշտներ, միջազգային ճանաչում ունեցող գիտնականններ, նախապես ուղարկվել են հրավերներ, բավական երկար ժամանակ կազմակերպչական աշխատանքներ են իրականցվել: Մասնակիցների կողմից բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնք, Խաչիկ Գալստյանի խոսքով, այժմ ուսումնասիրվում են եւ կտրվեն հանձնարարականներ դրանց լուծուման ուղղությամբ:
Որոշվել է հետագայում քննարկումները շարունակել ոլորտային աշխատանքային խմբերի ֆորմատով, իսկ ընդհանուր նիստերը գումարել պարբերաբար: Հարցին, թե ինչո՞ւ է հանդիպումը փակ եղել, Խաչիկ Գալստյանը պատասխանեց, որ իրենք ոչ բոլոր հանդիպումների մասին են իրազեկում, իսկ այս հանդիպումը բաց ֆորմատի մեջ էր` ազատ շփման եղանակով: Նման հանդիպումները, ըստ նրա, պայմանավորված են դրանց անհրաժեշտությամբ եւ երկուստեք հետաքրքրությամբ:




























