Ոստիկանության Սիսիանի բաժին այսօր` մայիսի 13-ին ժամը 08:40-ի սահմաններում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մեքենան գլորվել է Որոտան գետը:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 8-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 181-րդ կմ-ի հատվածում, Երեւանի բնակիչ 64-ամյա Քաջիկ Աղաջանյանը վարելով «Ֆորդ» (ՋԻՓ) մակնիշի 20 ՕԼ 436 համարանիշի ավտոմեքենան, շրջադարձ կատարելիս դուրս է եկել երթեւեկելի մասից, ապա ընկել Որոտան գետը:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը, Ճանապարհային ոստիկանության 6-րդ բաժնի աշխատակիցները` հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության Սյունիքի փրկարարական վարչության փրկարարական հատուկ ջոկատի տղաները, ովքեր գետից հանել են վարորդի եւ  Գյումրիի բնակիչ 49-ամյա Ալլա Պետրոսյանի դիակները: մեքենայից հանվել եւ Սիսիանի հիվանդանոց են տեղափոխվել 18-ամյա Անդրանիկ Պետրոսյանը, ով սովորում է Գեղարվեստի ակադեմիայի 2-րդ կուրսում,  21-ամյա Աշոտ Աղաջանյանը եւ 46-ամյա Աննա Գեւորգյանը: Վերջինս աշխատում է Հայաստանի Կենտրոնական բանկում:

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սիսիանի քննչական բաժնի քննիչը, ում հանձնարարականով ավտոմեքենան մեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի տուգանային հրապարակ:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի