Հայաստանի արտաքին պետական պարտքը 2010 թ. վերջում կազմել է 3,3 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 35,6 տոկոսը։ Այդ մասին Ազգային ժողովում պատգամավորներին տեղեկացրեց ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ առաջիկա տարիներին արտաքին պարտքի սպասարկման մասով կունենանք պիկային տարիներ, սակայն պետպաշտոնյան հավաստիացրեց, որ այդ ռիսկերը կառավարելի են։

Պետական պարտքի սպասարկման հետ կապված ռիսկերն ավելի կոնկրետացրեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։ Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանն արդեն սկսած 2013 թվականից ստիպված կլինի տարեկան 220-230 մլն դոլար միայն պարտքի սպասարկման ծախս իրականացնել։ Նրա գնահատմամբ՝ դա բավականին լուրջ բեռ է պետական բյուջեի վրա։ Սակայն գլխավոր գանձապետ Ա. Ջանջուղազյանի կարծիքով՝ Հայաստանն առայժմ գտնվում է միջին ծանրության արտաքին պարտք ունեցող երկրների շարքում։