Թուրքիա այցելած հայ եւ թուրք լրագրողների խումբը Կարսում հանդիպել է ազգությամբ քուրդ ճարտարապետ Ալի Իհսան Ալընաքի հետ, ով միեւնույն ժամանակ ղեկավարում է Կովկասյան մշակույթների հետազոտությունների կենտրոնը եւ տեղի թերթերում հրապարակումներ գրում:
Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Կարսից, քուրդ գործիչն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հիշեցրել է, որ Կարսում Հայաստանի հետ սահմանի բացման հետ կապված մի շարք միջոցառումներ են կազմակերպվել` շեշտը դնելով ժողովուրդների եղբայրությանն եւ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
«Ցավոք, իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության քաղաքականությունը հասել է մի կետի, որը կազմված է ազգայնական լուրջ դրսեւորումներից: Եթե Թուրքիայում ժողովրդավարացման ճանապարհին հանդիպող արգելքները չվերացվեն, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ավելի խորը սառեցման կուղարկվի: Իշխող ուժը լուրջ քարոզչական հնարավորությունների է տիրապետում, իսկ այդ քարոզչության մեջ առկա է հայերի նկատմամբ թշնամանքը: Նախ՝ պետք է մարդկանց ուղեղն ու սիրտն այդ թշնամական վերաբերմունքից ազատել`օգտագործելով քաղաքական մեդոթներ:
Թուրքիայում ապրող շատ հայեր լուրջ հոգեբանական վախի մեջ են: Նրանք վախենում են նույնիսկ մեկը մյուսին ասել իրենց ազգային պատկանելության մասին: Գիտեք, որ վերջերս զորանոցում մի հայ զինվոր սպանվել էր միայն նրա համար, որ հայ էր: Թվում է, թե դրանք մասնավոր դեպքեր են, սակայն իրականում այն ցույց է տալիս թուրք հասարակության մեջ առկա բռնության հոգեբանությունը,-նշել է Ալի Իհսան Ալընաքը:
Ալի Իհսան Ալընաքը չի ընդունել լրագրողներից մեկի դիտարկումը, թե հայազգի զինվորականը պատահաբար է սպանվել: Նա շեշտել է, որ պատահաբար կարելի է ավտոպատահարի ժամանակ զոհվել: «Վերջին 4 տարում զորամասերում «պատահաբար» մահացել է 500 զինվոր: Երբ նայում ես այդ զինվորների ազգային պատկանելությանը, տեսնում ես, որ բոլորը քուրդ են եղել:
Զորամասում հայազգի Սեւակին սպանած զինվորականը կրում է Հրանտ Դինքին սպանած անձանց քաղաքական հայացքները: Նաեւ դա է պատճառը, որ չեմ կարող ասել, թե հայազգի Սեւակն սպանվել է պատահաբար», -ընդծել է Ալընաքը:
Լրագրողներից մեկի հարցին, թե Կարսում ինչպիսի՞ նախաձեռնություններ կան Կարսում՝ Հայկական հարցի լուսաբանման հետ կապված, եւ ինչպես են ընկալում կարսեցիները հայերին, քուրդ գործիչը պատասխանել է, որ նման նախաձեռնությունները մասնավոր բնույթ են կրում եւ չեն ընդգրկում հասարակության լայն շրջանակներ: Կովկասյան մշակույթների հետազոտության կենտրոնը եւ անձամբ ես անհրաժեշտ եմ համարում, որ Հայկական հարցի, մեծ աղետի, Ցեղասպանության վերաբերյալ արտահայտությունները չարվեն միջնորդավորված բառերով, այլ` հստակ ասվեն այդ իրադարձությունների անունները: Հավատում եմ, որ երբ այդ իրադարձությունները կկոչվեն հստակ անուններով, դրանից հետո գործընթացն ավելի առողջ կընթանա»,-ասել է Ալընաքը:
Անդրադառնալով Կարսի Մարդկության հուշարձանի քանդմանը, քուրդ գործիչը նշել է, թե այն հստակ ուղերձ էր ազգայնականներին, որը ցույց տվեց, որ իշխանությունները ուշադրություն չեն դարձնում միջազգային ճնշումներին եւ հասարակության կարծիքին: «Կարճ ասած, այս գործընթացը ցույց տվեց, որ Թուրքիայում ֆաշիզմի ոտնաձայներն սկսել են ավելի բարձ լսվել»,-ասել է Ալի Իհսան Ալընաքը:




























