Գյումրիում  Ղորղանյան 122 հասցեի սեփական տանը փլուզում է տեղի ունեցել: Ննջարանում, վաղ առավոտյան, երբ տանտերերը դեռ  քնած են եղել, փայտե փտած առաստաղը փուլ է եկել, եւ 4 հոգի մնացել են առաստաղը պահող գերանների տակ: «Քնած էինք, ուժեղ ճռռոց լսեցի, չհասկացա` ինչ կատարվեց, տեղիցս վեր կացա, մինչեւ հասա լույսին, էլ ոչինչ չեմ հիշում, երեւի ուշքս գնացել էր, հետո զարթնեցի քրոջս ձայնից, օգնություն էր կանչում»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է տանտիրուհին`Ռոզա Հովակիմյանը:

Առաջին օգնություն տանտերերին ցուցաբերել են հարեւանները, հետո փրկարար ջոկատներ են  եկել Շիրակի մարզային փրկարարական վարչությունից: Բարեբախտաբար տանտերերը լուրջ վնասվածքներ չեն ստացել: «Այն ժամանակ, որ հանեցին փլվածքի տակից, ինձ թվաց երկրաշարժ է եղել, ուրախ էինք, որ 4 հոգով էինք սենյակում, չորսս էլ ողջ էինք մնացել։ Հիմա մտածում եմ` ի՞նչ պետք է անենք, ո՞ւր պետք է ապրենք, մնացել ենք դրսում»,-ասել է Մարգո Նահապետյանը` շարունակելով, որ իրենց ուզածը «ոչ թե բնակարան, այլ տնակ է, որ քամու ու անձրեւի տակ չմնան»:

Նշենք, որ բնակիչներից երկուսն առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամներ են, մյուս երկուսը՝ կենսաթոշակային տարիքի: Տանտերերի ամբողջ գույքը, հագուստը, անկողինը, մահճակալները մնացել են փլատակների տակ: Փրկարարները նախազգուշացրել են, որ հնարավոր է՝ փլվի նաեւ տան մյուս հատվածը: