Հայաստանում կա 181 հազար հաշմանդամ, որից 8100-ը՝ երեխաներ. նրանցից շատերը դպրոց եւ ուսումնական այլ հաստատություններ չեն հաճախում եւ բնական է, որ մեծանալով՝ գործազուրկ են դառնալու: Մայիսի 13-ին Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան Մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցած սեմինար-քննարկան ժամանակ այս մասին հայտարարել են հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ագաթ» հ/կ-ի անդամները:
«Շատերը բողոքում են, հրաժարվում են աշխատել հաշմանդամների հետ, բայց պետք է գիտակցել, որ նրանք մեղավոր չեն եւ հաճախ ավելի խելացի ու նախաձեռնող են, քան մյուս երեխաները»,-քննարկման ժամանակ հայտարարեց «Ագաթ» հ/կ հոգեբան Քրիստինե Աղանյանը:
Հ/կ-ի ներկայացուցիչները նաեւ հույս են հայտնել, որ Գյումրիում շուտով կգործեն ներառական դպրոցներ, որոնք կապահովեն ներառական կրթություն սահմանափակ հնարավորություններով երեխաների համար: «Նրանք կսովորեն բոլոր մյուս աշակերտների կողքին եւ հետագայում ավելի դյուրին կդառնա ինտեգրումը, առանց սոցիումի հետ շփման ինտեգրում հնարավոր չէ»,-ասել է Աղանյանը:



























