ԱՄՆ կառավարությունը 20․5 միլիարդ դոլար է հատկացրել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար, այդ թվում՝ պատվաստանյութերի եւ դեղամիջոցների մշակման, պատրաստվածության ապահովման եւ արտասահմանյան պետություններին օգնության համար։ Ինչպես ընդգծվում են Պետդեպարտամենտում, Միացյալ Նահանգներն «իրական արդյունքներ են գրանցում՝ օգնելով աշխարհի երկրներին պայքարել COVID-19-ի դեմ եւ դրանով իսկ պաշտպանելով հայրենիքը», հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:

Ավելի քան 2․7 միլիոն դոլար հատկացվել է Հայաստանին, որը վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-ից ավելի քան 1․57 միլիարդ դոլար է ստացել, այդ թվում 106 միլիոն դոլար՝ առողջապահության կարիքների համար:

Մոտ 3․6 միլիոն դոլար հատկացվել է Ադրբեջանին օգնություն տրամադրելու համար, այդ թվում 565․000 ԱՄՆ դոլար՝ բնակչության անապահով խավերի ուղղված մարդասիրական օգնության տեսքով: Անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանին ցուցաբերված օգնության ընդհանուր ծավալը 894 միլիոն դոլար է կազմել, այդ թվում 4 միլիոն դոլար՝ առողջապահության ոլորտում:

Մոտ 2․7 միլիոն դոլար է հատկացվել Վրաստանին, որին ԱՄՆ-ն վերջին 20 տարվա ընթացքում ավելի քան 3․6 միլիարդ դոլար օգնություն է տրամադրել, այդ թվում՝ 139 միլիոն դոլար՝ առողջապահության ոլորտում: