Վարչապետ Տիգրան Սարգսյանն անցյալ շաբաթվա կառավարության նիստի ընթացքում բոլորին զարմացրեց իր անակնկալ հայտարարությամբ, թե Հայաստանը պետք է հրաժարվի վարկային միջոցների հաշվին տեխնիկական աջակցություն ստանալ։ Խոսքը վերաբերում է արտասահմանյան փորձագետների կողմից խորհրդատվության, հաշվետվությունների ու եզրակացությունների պատրաստման, օրենքների ու այլ նորմատիվ փաստաթղթերի մշակման մասին։
Թեեւ վարաչպետն իր խոսքում ասաց, որ նկատի ունի 2006-2007 թթ. կատարված աշխատանքները, այնուամենայնիվ, այս խնդիրը շատ հին պատմություն ունի։ Այն պահից սկսած, երբ Հայաստանն սկսեց Արժույթի միջազգային հիմնադրամից ու Համաշխարհային բանկից վարկեր ստանալ, դրանցում պարտադիր ներառվեցին այսպես կոչված տեխնիկական աջակցության հոդվածները: Արդյունքում այդ, այսպես կոչված, արտոնյալ վարկերի մոտ 10-20 տոկոսը իրականում ծախսվել է արտասահմանցի փորձագետներին ամենաբարձր աշխատավարձեր վճարելու նպատակով։ Նկատենք, որ օրենքի նախագիծ մշակելը համարվում է ամենաթանկ ծառայություններից մեկը, որի համար արտասահմանցի փորձագետները 50 հազ. դոլարից պակաս չեն վերցնում, սակայն շատ դեպքերում ներկայացնում են copy past տարբերակներ։ Ըստ որոշ հաշվարկների՝ Հայաստանը նման տեխնիկական աջակցության վրա սկսած 1995 թվականից ծախսել է մոտ 300 մլն դոլար, որի մեծ մասը կարելի է ավելորդ ծախս համարել։ Չենք բացառում, իհարկե, որ որոշ դեպքերում այդ տեխնիկական աջակցությունը ծառայել է իր նպատակին։ Չպետք է մոռանալ նաեւ, որ օրենսդրական ակտերի մշակման մեր ներքին խոհանոցը ահավոր փնթի վիճակում է։
Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությունից հրաժարվելը դեռ չի նշանակում, որ այդ կառույցը զրկվում է մեր օրենսդրության ու տնտեսական քաղաքականության վրա ունեցած ազդեցությունից։ Իրականում ՀԲ-ն ու ԱՄՀ-ն բավականին լծակներ ունեն մեր պաշտոնյաների վրա ազդեցություն ապահովելու համար։ Գաղտնիք չէ, որ պաշտոնյաների մի ստվար հատված հենց այդ կառույցների երաշխավորությամբ մեկնում է արտասահմանյան գործողումների, օգտվում է տարբեր դրամաշնորհային ու վարկային ծրագրերից։ Այսինքն՝ միանգամայն օրինական կերպով միջազգային կառույցներից եկամուտ են ստանում, այնուհետեւ սկսում բացահայտ լոբբինգ իրականացնել նրանց օգտին։ Այս առումով ամերիկացիներն ու եվրոպացիները խորամանկությամբ ակնհայտ գերազանցում են հայերին, քանի որ Հայաստանին տրվող վարկերի հաշվին կարողանում են գնել մեր չինովնիկներին։ Դասական իմաստով սա կարելի է նաեւ կոռուպցիա համարել, քանի որ չինովնիկի ծախվածությունը կոռուպցիայի դրսեւորումներից մեկն է։ Գուցե Հայաստանը ապագայում եւս մեկ քայլ առաջ կատարի, ու հրաժարվի ընդհանրապես նախապայմաններով տրամադրվող վարկերից։
Սամվել Ավագյան




























