Արդեն հիմա, նախագահ ընտրվելու երկրորդ ժամկետի համար նախընտրական քարոզչության ընթացքում, Դոնալդ Թրամփը նախատեսում է շատ ավելի երկար մնալ Սպիտակ տանը, գրում է CNN-ը:
«Մենք պատրաստվում ենք հետագա չորս տարիներին եւս հաղթել: Դրանից հետո մենք եւս չորս տարի կգնանք, քանի որ նրանք (դեմոկրատները-խնբ․) լրտեսել են իմ քարոզարշավին»,- ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:
«Իհարկե, այն, ինչ առաջարկում է Թրամփը, արգելված է Սահմանադրությամբ, որը սահմանափակում է նախագահի պաշտոնը երկու ժամկետով»,- նշում է CNN-ը՝ ընդգծելով, որ եթե Դոնալդ Թրամփն այս տարի պարտվի, ապա նա տեսականորեն նորից կկարողանա առաջադրվել միայն 2024 թվականին:
Հեռուստաալիքը նաեւ պարզաբանում է, որ երբ խոսում է իր քարոզարշավին լրտեսելու մասին, Թրամփը նկատի ունի ՀԴԲ-ի հետաքննությունը՝ կապված 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի հնարավոր միջամտության հետ:





























