Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հանձնարարել է նախապատրաստել առաջարկներ՝ Լիտվայի եւ Լեհաստանի հետ սահմանի մոտակայքում Գրոդնոյի մարտավարական ուղղությամբ պաշտպանություն իրականացնելու համար, հայտնում է Sputnik-Belarus-ը:
Այսօր տեղի է ունեցել Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ երկրի ղեկավարը հանձնարարել է ուժեղացնել զորքերի պատրաստումը՝ նախատեսված առաջադրանքները կատարելու համար: Միեւնույն ժամանակ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել արեւմտյան օպերացիոն ուղղությանը եւ արեւմտյան օպերացիոն հրամանատարության զորքերին:
Նախարարը հանձնարարել է ուժեղացնել «Տոչկա» հրթիռային գումարտակի, «Պոլոնեզ» գումարտակի, անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի, ռադիոէլեկտրոնային հետախուզման եւ ռադիոէլեկտրոնային մարտի ջոկատի օպերատիվ հրամանատարությունը, հայտնում են մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Բելառուսի հրթիռային զորքերի եւ հրետանու ստորաբաժանումները հակաօդային պաշտպանության մարտական հերթապահություն էին ստանձնել՝ Լիտվայի հետ սահմանին գտնվող Բելառուսի ատոմակայանի մոտ պետական սահմանի պաշտպանության շրջանակներում:
Անցյալ շաբաթ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել էր Վիտեբսկից դեսանտայինների ջոկատ տեղափոխել Գրոդնո:





























