Փոխարենն այս փուլում ավելացնենք ձկնային պաշարները և կատեգորիկ արգելենք ձկնորսությամբ զբաղվելը, թույլատրում են ևս 200 տոննա արդյունագործական նպատակով ձկնորսությամբ զբաղվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանն՝ անդրադառնալով օգոստոսի 19-ին Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, թե սիգի որսով թույլատրելի 200 տոննա քանակից շուրջ 150-ն արդեն բաշխվել է տնտեսվարողների միջև։

 «Մենք երկու վտանգավոր գործողություն ենք կատարում արդյունագործական նպատակով ձկնորսությունը թույլատրելով։ Առաջինը՝  Սևանում հանում ենք այն ձկնապաշարը, որը կարող է օրգանական նյութի սպառող լինել և խոչընդոտել ծաղկման պրոցեսին։ Երկրորդը՝ մենք չգիտենք այդ ձկներում միկրոցիստինի  քանակը, որն այդ օրգանական նյութերի  սպառման արդյունքում կարող է անցնել ձկների մեջ, իսկ  այնուհետև մարդուն։ Եվ սննդի մեջ օգտագործելու արդյունքում մենք չգիտենք, թե ինչպիսի ազդեցություն կարող է դա  թողնել։ Որովհետև տարբեր  ժամանակներում  և երկրներում ցիանոբակտերիաներով աղտոտված լճերում, ջրամբարները օգտագործելու հետևանքով  ոչ միայն ջուրը, այլև ձկնային պաշարները երկարաժամկետ պլանում  մարդկանց միասնային  համակարգի վրա ազդեցություն է գործել, Պարկենսոնի հիվանդության առաջացման պատճառ է դարձել  և  առանց որևէ ուսումնասիրություն կատարելու ինչ-որ կարճաժամկետ գործողություններ  են անում»,-ընդգծեց պարոն Վարագյանը։ 

Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ Սևանում թույլատրվել է 2004թ.-ին։

Փորձարարական որսի ընթացքում, թույլատրվելու է որսալ միայն 500 գրամից ոչ պակաս ձուկ: Վահագն Վարագյանը նշում է, որ արդյունագործական նպատակով ձկնորսության դեպքում 1 կգ-ի համար բնօգտագործման վճար է սահմանվել 65 դրամը։

«Դա ընդհանրապես աբսուրդի ժանրից է, նախարարն ասում է՝ դե սիգը շատ էժան է։ Ոչ մի տրամաբանություն իր խոսքում չկար, ես զարմացած եմ ուղիղ եթերի իր ելույթից»,- նկատեց նա։

Հունիսի 18-ին, երբ Կառավարության  որոշմամբ թույլատրեց Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս իրականացնել, Շրջակա միջավայրի փոխնարարար Վահե Ջիլավյանը  հայտարարեց, որ ր ապօրինի ձկնորսության  ծավալների և դրա շուրջ ծավալված իրավիճակի վերլուծության արդյունքում առաջ են եկել մի շարք հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն և հնարավոր բացասկաան ազդեցությունից խուսափելու և հետագայում գործընթացներն առավել հիմնավոր և արդյունավետ իրականացնելու համար  նախարարությունը նախատեսում է իրականացնել սիգ ձկնատեսակի փորձարարարական որս։ 

«Ի՞նչ է նշանակում Սևանում ապօրինի ձկնորսության դեմ պայքարելու համար թույլ տալ Սևանում ձկնորսոթյամբ զբաղվել, ես դա չեմ հասկանում։ Նայեք, էս 3-4 ամիսներին  Բնապահպանության և ընդերքի տեսչության աշխատակիցները Սևանի ավազանում ստուգում են, թե քաղաքացիները դիմակներ դրե՞լ են, թե՞ ոչ,  որն իրենց գործառույթը չէ։ Իրենց գործառույթն է՝ վերահսկել ձկնորսությունը։ ՀՀ-ն չունի՞ ուժային կառույցներ, ո՞ւր են ուժային կառույցներերը, որոնք պետք է արգելեն ձկնագողությունը։ Հիմա նույնն է, որպեսզի  բնակարանային  գողությունները շատանան, քաղաքացիներին վճարեն և  թույլտվություն ստանան բնակարաններից բան վերցնեն։ Սա աբսուրդ է, ոչ մի գործողություններում տրամաբանություն չկա»,- իր զարմանքը հայտնեց  Վահագն Վարագյանը։

Նկատելով, որ այս դաշտում նաև  սոցիալական խնդիրներ կան, այնուամենայնիվ պարոն Վարագյանը շեշտում է, որ սոցիալական և բիզնես նպատակներից ելնելով կարճաժամկետ թույլտվություն տալ սիգի որս անելու համար ճիշտ չէ։

«Դա նշանակում է, որ մենք պետություն չունենք, այսինքն՝ քաղաքացին ինքն է որոշում, թե ինչ անի, բայց պետք է սահմանել օրենքներ, կանոններ, որոնցով քաղաքացին կառաջնորդվի և իրականում դա բխելու է իր շահերից, քանի որ  թե՛ քաղաքացու առողջությանը վնաս չի հասցվի, թե՛ շրջակա  միաջավայրի վրա։ Եթե այսօր Սևանը չփրկենք, տարիներ անց մենք Սևանի տարածաշրջանում նույնիսկ ապրելու հնարավորություն չենք ունենալու, փախնելու են այդտեղից, որովհետև էկոհամակարգը փոխվելու է, լիճը ճահճանալու է։ Մենք հիմա ինչ-որ աշխատանքի իմիտացիա ստեղծելով և ոչինչ չանելով այս ամեն ինչը  տանում ենք ինչ-որ պրոցեսի, որն անդառնալի է լինելու, և նույնիսկ միլիարդներ ներդնելով չենք կարողանոլու որևէ բան անենք, հակառակը՝ միլիարդներ պետք է ներդնենք, որպեսզի մարդկանց այդտեղից տարհանեն։ Զարմանում են, որ այս մանեը չեն գիտակցում»,- նկատում է նա։

 Թե ինչո՞ւ ապօրինի  ձկնորսության դեմ կտրուկ քայլեր չեն անում, պատճատը սոցիալական խնդիրնե՞րն են, թե դաշտում խոշոր խաղացողներ կան, Վահագն Վարագյանը երկու տարբերակն էլ չի բացառում, բայց  շեշտում է՝ անկարողությունից չեն կարողանում այս հարցը լուծել։

«Երեկ նախարարը կոչ է անում քաղաքացիներին, որ եթե տեսնեն 500 գրամից քիչ կշռով սիգ,  խանգարեն, չթողնեն վաճառել։ Պատկերացնո՞ւմ եք՝ էդ ձուկը հայտնվելու է վերավաճառողների մոտ, որոնք կոպեկներ են աշխատում։ Ինչպես ժողովրդի  սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է  սիրում ասել ՝ ձուկը գլխից բռնեք, փոխարենը ձուկը գլխից բռնեն,  այսինքն՝ ավազանում արգելեն էդ ձկնորսությունը, ես, Դուք, մեկ ուրիշը պետք է գնաք շուկայում էդ խեղճ ու կրակ մարդկանց  ասենք, թե ինչի՞ ես 500 գրամից պակաս վաճառում։ Սա հասարակությանը նորից ճեղքելու, սև ու սպիտակի բաժանելու գործընթացի է տանում։ Իրենց անկարողությունից դրդված ամեն ինչ բարդում են հասարակության վրա»,- ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավարն ու որպես հավելում կոչ արեց քաղաքացիներին որևէ բան չասել ձուկ վերավաճառողներին։

«Եթե մենք պահանջելու  բան ունենք դա անկարող նախարարից ու իշխանություններից է, որպեզի Սևանի ավազանը ամբողջությամբ վերահսկեն, ի՞նչն է խնդիրը, որ չեն կարողանում  վերահսկել»,- եզրափակեց նա։