Այլ արաբական երկրներ բռնել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը՝ խոսելով Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի մասին:

«Ի տարբերություն Հորդանանի եւ Եգիպտոսի՝ մենք չենք պատերազմել Իսրայելի հետ»,-ասել է Գարգաշը՝ հավելելով, որ դա  Էմիրատների ազգային գիտակցության մասը չի եղել:

Նա հավելել է, որ վաղ թե ուշ այդ համաձայնագիրը պետք է լիներ:

«Մենք լավ գործարք ենք կնքել»,-նշել է նա տեսակապով կազմակերպված Ատլանտյան խորհրդի նիստի ժամանակ:

Խոսելով պաղեստինցիների արձագանքի մասին՝ Գարգաշն ասել է, որ ԱՄԷ-ն կողմ է պաղեստինյան խնդրի լուծմանը:

Նրա խոսքով՝ Իսրայելի հետ գործարքը չի նշանակում Պաղեստինին աջակցության տրամադրելուց հրաժարում: Նա նաեւ հավելել է, որ ԱՄԷ-ն ձգտում է իր գլոբալ դիրքերը ամրապնդել բիզնեսի, ֆինանսների եւ լոգիստիկայի ոլորտներում:

Նրա խոսքով՝ Իսրայելի հետ գործարքը պետք է վերացնի F-35-ի վաճառքի ճանապարհին ցանկացած խոչընդոտ:

«Մենք օրինական խնդրանքներ ունենք: Մենք պետք է ստանանք դրանք…»,-ասել է Գարգաշը՝ նշելով, որ համաձայնագրի կնքումից հետո ԱՄԷ-ն նոր խնդրանքներով չի դիմել ԱՄՆ-ին:

Բացի այդ, նա նշել է, որ ԱՄԷ-ն ակնկալում է, որ իրենց պահանջները կընդունվեն:

Նա նշել է, որ ԱՄԷ-ն վաղուց է հետաքրքրված ամերիկյան կործանիչների ձեռքբերման հարցում, որոնք Իսրայելն օգտագործում է մարտական գործողություններում:

Reuters գործակալության աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է F-35-ների վաճառքը ԱՄԷ-ին՝ ԱՄԷ-ի եւ Իսրայելի միջեւ հավելյալ համաձայնագրերի կնքման շրջանակներում: