Իսրայելին մտահոգում է միջուկային օբյեկտը, որը սաուդցիները կառուցում են չինացիների օգնությամբ, գրում է Axios-ը:

Իսրայելի հետախուզության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել այն բանից հետո, երբ The New York Times եւ Wall Street Journal թերթերը հայտնել են, որ սաուդցիները միացել են Չինաստանի հետ, որպեսզի Էր Ռիադից ոչ հեռու անապատում գաղտնի օբյեկտ կառուցեն «դեղին կեքսի» արտադրության համար, որը ուրանի հարստացման համար հիմնական նյութերից է:

Իսրայելական հետախուզության բարձրաստիճան աշխատակիցն ասել է, որ կան տագնապալի նշաններ, սակայն այն, ինչ կարող են անել սաուդցիները, դեռ պարզ չի:

Թերթը նշում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զգույշ է գործում, որպեսզի չվնասի ինչպես Սաուդյան Արաբիայի, այնպես էլ Չինաստանի հետ հարաբերությունները:

Սաուդյան Արաբիան ԻՐանի դեմ Իսրայելի գաղտնի դաշնակիցների մեկն է, եւ Իսրայելը հույս ունի, որ թագավորությունը կհետեւի ԱՄԷ-ի օրինակին, որը հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիր կնքեց Իսրայելի հետ:

Իսրայելի պաշտոնական անձինք կարծում են, որ սաուդցիները որոշել են աշխատել Չինաստանի հետ նոր օբյեկտի ուղղությամբ, քանի որ չինացիները երաշխիքներ չեն տալիս, որ միջուկային տեխնոլոգիաները կօգտագործվեն միայն խաղաղ նպատակներով: