«Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող ենթադրյալ դեպքերով հարուցված քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի փաստաբան Հովիկ Սուքիասյանը։
Նա նշեց, որ Առուստամյանը դեռեւս չի հարցաքննվել։
Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը):
Նշենք, որ նշված գործով մեղադրյալ կարգավիճակ ունի նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։




























