ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը, Հանրապետական կուսակցությունը եւ նրանց հետ կապված երկու այլ հանձնաժողովներ 2017 թվականից հետո ավելի քան 1 միլիարդ դոլար են ծախսել պետության ներկայիս ղեկավարի վերընտրելու քարոզարշավի վրա, ինչը ռեկորդային գումար է նախագահական մրցարշավի այս փուլում: Այս մասին ասվում է շաբաթ օրը The Washington Post-ում հրապարակված հոդվածում, որը վերլուծել է համապատասխան ֆինանսական փաստաթղթերը:
Թերթն ընդգծում է, որ Թրամփը սկսել է գումար հավաքել եւ վերընտրվելու համար միջոցներ ծախսել արդեն այն բանից հետո, երբ 2017-ին նա ստանձնել է նախագահի պաշտոնը՝ ավելի վաղ, քան նրա բոլոր նախորդները: Համեմատության համար՝ մինչեւ 2012թ. օգոստոսը, ընտրություններից մի քանի ամիս առաջ, ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի շտաբը եւ Դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովը (ԴԿԱՀ) նրա վերընտրման համար ծախսել են մոտ 643 միլիոն դոլար:
Հուլիսին Թրամփը կարողացել է քարոզարշավի անցկացման համար հավաքել 165 միլիոն դոլար, իսկ նախագահի դեմոկրատական թեկնածու Ջոզեֆ Բայդենը` 140 միլիոն դոլար նվիրատվություն: Օգոստոսի սկզբին պետության գործող ղեկավարը նախընտրական արշավի համար ունեցել է 300 միլիոն դոլար, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ 294 միլիոն դոլար նվիրատվություն:
Հանրապետական կուսակցության ազգային հանձնաժողովը օգոստոսին կուսակցական կարիքների համար կարողացել է հավաքել 55,3 միլիոն դոլար՝ համեմատած ԴԿԱՀ-ի 16.3 միլիոն դոլարի հետ: Ընդ որում՝ դեմոկրատների պարտքը կազմում է 1,5 միլիոն դոլար, հանրապետականները պարտքեր չունեն: ԱՄՆ-ի համազգային ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին:





























