Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) իշխանությունները Իսրայելի հետ չի ստորագրել անվտանգության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր՝ որպես երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին ավելի վաղ կնքված համաձայնագրի մաս: Այս հայտարարությամբ հանդես է եկել ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության համագործակցության բաժնի տնօրեն Սալեմ Մուհամմադ ալ-Զաաբին, շաբաթ օրը հայտնել է WAM լրատվական գործակալությունը, փոխանցում է ТАСС-ը:
Ավելի վաղ իսրայելական որոշ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ԱՄԷ-ն եւ Իսրայելը անվտանգության համաձայնագիր են կնքել:
«Հիմնական նպատակը տեխնոլոգիական, արհեստական բանականության, առողջապահության եւ կրթության բնագավառում տնտեսական ու գիտական կապերի հաստատումն է, եւ այս ամենը չի մտնում անվտանգության համաձայնագրի որոնման շրջանակների մեջ»,- ասել է Ազ-Զաաբին: Նա «ճշգրտության, օբյեկտիվության եւ հուսալի աղբյուրներից փաստերի օգտագործման» կոչ է արել՝ միաժամանակ ընդգծելով, որ իսրայելական ԶԼՄ-ների կողմից հրապարակված տեղեկատվությունը «ամբողջովին ոչ ստույգ է»։
Այս շաբաթվա սկզբին արտաքին գործերի պետական նախարար Անվար Մուհամմեդ Գարգաշը հայտարարել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը ԱՄԷ-ի ինքնիշխան որոշումն է, որը «չի քննարկվել արաբական երկրների կամ պաղեստինյան կողմի հետ»: Նա նշել է, որ ԱՄԷ-ն, որպես «դինամիկ զարգացող երկիր, ձգտում է հաղթահարել խոչընդոտները»՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման ճանապարհով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 13-ին հայտարարել է, որ Իսրայելը եւ ԱՄԷ-ն ձեռք են բերել երկկողմ հարաբերությունների լիարժեք կարգավորման պայմանավորվածություն, որի համաձայն՝ Իսրայելը կդադարեցնի իր ինքնիշխանության տարածումը Հորդանան գետի Արեւմտյան ափին գտնվող հրեական բնակավայրերի վրա, ինչը նախատեսված է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրով:
Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությունները շուտով կարող են ստորագրել երկկողմ համաձայնագրեր, այդ թվում՝ ներդրումների, զբոսաշրջության, ուղիղ ավիաթռիչքների, անվտանգության, հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի եւ դեսպանությունների փոխադարձ բացման վերաբերյալ: Պաղեստինի ղեկավարությունը ծայրաստիճան կոշտ է արձագանքել Աբու Դաբիի այդ քայլին՝ այն անվանելով «դավաճանություն եւ արաբական խաղաղ նախաձեռնության ոչնչացում»:





























