Ռուսաստանն ու Թուրքիան ստորագրել են պայմանագիր Ս-400 ռազմաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ խումբը մատակարարելու մասին, հայտարարել է Ալեքսանդր Միխեեւը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Պայմանագիրը ստորագրված է, մենք գործընկերների հետ այսօրվա դրությամբ քննարկում ենք պայմանագրի իրագործման ֆինանսական մոդելը»,-նշել է Միխեեւը։

Ս-400-ի երկրորդ խումբը մատակարարելու մասին ակտիվ քննարկումներ են ընթանում, սակայն համաձայնագիրը դեռեւս չի ստորագրվել, հայտնել է Ռուսաստանի ՌՏՀԴԾ տնօրեն Դմիտրի Շուգաեւը։

Անցած տարի Ռուսաստանն իրագործել է առաջին պայմանագիրը, որի շրջանակում Թուրքիային մատակարարել է Ս-400 համալիրները 2.5 միլիարդ դոլարով։

Երկու երկրների միջեւ գործարքը դարձել էր Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում ճգնաժամի պատճառ։ Վաշինգտոնը պահանջել էր հրաժարվել պայմանագրից եւ փոխարենը ձեռքբերել ամերիկյան Patriot համալիրներ՝ սպառնալով պատժամիջոցներով, ինչպես նաեւ F-35 նորագույն կործանիչների վաճառքի չեղարկմամբ։ Անկարան հրաժարվել էր զիջումների գնալ եւ շարունակել էր բանակցել Ռուսաստանի հետ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեռեւս չի իրականացրել իր սպառնալիքը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։