«Ես շենքի բնակիչ եմ, ինձ անհանգստացնում է էդ աղմուկը։ Մենք անգամ բակ չունենք, այս կողմից երթեւեկությունն է, այն կողմից էլ երեխաները խաղալու տեղ չունեն։ Պատկերացրեք, որ էդ բազմահարկ շենքն էլ կառուցվի մեր վիճակն ի՞նչ կլինի, ի՞նչ պետք է անենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներից մեկը, ով դեմ է շենքի հարակից տարածքում բարձրահարկ շենք կառուցելուն։
Բնակիչները նշում են, որ դեռ մարտից են բողոքել, որ շենքը չկառուցվի, անգամ ստորագրահավաք են արել ու ներկայացրել քաղաքապետարան, սակայն արձագանք չի եղել։ Ըստ բնակիչներից մեկի՝ որտեղ հիմա շենք է կառուցվում, առաջ մանկապարտեզ է եղել, հիմա էլ լսել են, որ մանկապարտեզը պահպանվելու է։
«Կարծեմ շինարարական ընկերությունից հայտարարել են, որ բարձրահարկ շենքի տակ մանկապարտեզ են կառուցելու։ Իրենք իրավունք ունե՞ն 10 հարկանի շենքի տակ մանկապարտեզ կառուցելու։ Ես գաղափար չունեմ օրենքներիյց, բայց մեր այսքան գոռում-գոչյունին գոնե արձագանքեին»,- ասաց մեկ այլ բնակիչ։
Հիշեցնենք, որ առավոտյան, Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչները փակել էին ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարեւանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, որոնք փորձում են ճանապարհը բացել։





























