Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցը կարեւոր տեղ կզբաղեցնի Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար Ջեյհուն Բայրամովը՝ այդ կարգավիճակում Մոսկվա առաջին այցի նախօրեին:

Հայկական կողմին մեղադրելով հուլիսին Տավուշի ուղղությամբ սադրանքների մեջ՝ նախարարն ասել է, որ Բաքուն ակնկալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, այդ թվում՝ Ռուսաստանից, կառուցողական եւ բովանդակային բանակցությունների շրջանակներում խաղաղ գործընթացն առաջ տանելու հետեւողական քայլեր:

Օգտվելով Հայաստանին մեղադրելու հնարավորությունից՝ նախարարը մանրամասն թվարկել է ադրբեջանական կողմի կրած վնասները, չմոռանալով նշել հակամարտության «սկզբնական» պատճառները, ներկայացրել է ՄԱԿ բանաձեւերի աղավաղված տարբերակը, հղում է կատարել Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթղթին: «Այս առումով մենք հուսով ենք, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, կհարկադրեն Հայաստանին հրաժարվել ստատուս-քվոյի պահպանման քաղաքականությունից եւ կսկսեն բովանդակալից բանակցություններ, որոնց շրջանակը հաստատվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերոնշյալ բանաձեւերով եւ ԵԱՀԿ որոշումներով, հիմնականում 1994 թվականի Բուդապեշտի գագաթաժողովի փաստաթուղթը, որը համանախագահների առջեւ զինված հակամարտությունը դադարեցնելու համաձայնագրի անհապաղ կնքման հանձնարարական է դնում, որի իրականացումը կվերացնի զինված հակամարտության հետեւանքները եւ քաղաքական հարցեր լուծելու համար պայմաններ կստեղծի»,- հայտարարել է նախարարը:

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների մոնիթորինգի մեխանիզմների ստեղծման մասին հարցին ի պատասխան՝ նախարարը վստահեցրել է, որ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի մեխանիզմ արդեն գոյություն ունի՝ ի դեմս առաքելության, որը գլխավորում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այնուհետեւ նա կրկնել է հայտնի խոսքերն այն մասին, որ «անհրաժեշտ է վերացնել օկուպացիան, այսինքն՝ հայկական Զինված ուժերը դուրս բերել Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից: Օկուպացիոն ուժերի դուրսբերման ժամանակացույցի համաձայնեցումը պետք է լինի բանակցությունների առարկա: Մենք մոնիթորինգի հարցը դիտարկում ենք զորքերի դուրսբերման եւ վտարված բնակչության վերադարձի համատեքստում: Այս ուղղությամբ հետագա գործողությունները պետք է համապատասխանեցվեն տարածքների ազատմանը»:

Նրա խոսքերով՝ համանախագահները ցանկանում են այս տարվա աշնանը հանդիպում կազմակերպել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ: «Սակայն Հայաստանի գործողությունները փաստացի առ ոչինչ են դարձնում միջնորդների ջանքերը»,- հավելել է Բայրամովը:

Նախարարը կրկնել է Ռուսաստանի կողմից Հայաստանին զենքի մատակարարման վերաբերյալ նախատինքը: «Այս հարցը բարձրացվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել է ռազմավարական գործընկերության, երկխոսության եւ վստահության երկխոսության ու երկու երկրների նախագահների միջեւ փոխադարձ հարգանքի ոգով: Սպառազինության մատակարարումները հայկական կողմին՝ նրա ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության եւ զինված սադրանքների աճող ինտենսիվության ֆոնին, ստեղծում են լարվածության սրման ռիսկ եւ խաթարում են հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, եւ ընդհանուր առմամբ սպառնալիք են ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար»,- ասել է Ջեյհուն Բայրամովը։