Լատվիայի նախարարների կաբինետը որոշել է հանրապետություն մուտքի սահմանափակումներ մտցնել բելառուսական 30 պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման համար, լրագրողներին ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկեւիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Լատվիան սահմանափակումներ կմտցնի բելառուսական մոտ 30 պաշտոնյաների մուտքի համար, որոնք, անկասկած, պատասխանատվություն են կրում Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման եւ խաղաղ ցուցարարների դեմ բռնությունների կիրառման համար»,- ասել է Ռինկեւիչը:

Արտաքին գործերի նախարարության ղեկավարի խոսքերով՝ պատժամիջոցները հիմնականում ուղղված կլինեն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ներքին գործերի նախարարության եւ հանրապետության պետական անվտանգության կոմիտեի պաշտոնատար անձանց դեմ:

Պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակը Ռինկեւիչը եւ նրա էստոնացի գործընկերը կհրապարակեն հինգշաբթի օրը: