Գերմանիայի կառավարությունն ու դաշնային հողերի իշխանությունները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում մտադիր են մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 31-ը երկարաձգել զանգվածային միջոցառումների անցկացման արգելքը։ Այս մասին է վկայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ դաշնային հողերի կառավարությունների ղեկավարների համատեղ խորհրդաժողովի բանաձեւի նախագիծը, հայտնում է DW-ն:

Զանգվածային միջոցառումների տակ հասկացվում են ժողովրդական փառատոները, հանդիսատեսի ներկայությունը մարզական միջոցառումներին, մեծ համերգները, փողոցներում, գյուղերում եւ քաղաքներում անցկացվող տոները: Փակ տարածքում մասնավոր երեկույթների մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 25-ը, մասնավոր տարածքներից դուրս` 50-ը:

Ինչպես նշվում է բանաձեւի նախագծում, զանգվածային միջոցառումները սահմանափակելու բացառություններ կարող են լինել այն մարզերի համար, որտեղ յոթ օրվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը օրական չի գերազանցել 15-ը: Սակայն կազմակերպիչները պետք է վստահ լինեն, որ հանդիսատեսը լինելու է տվյալ մարզից կամ մոտակա տարածաշրջանից, որը հիվանդացության նույն մակարդակն ունի: Հիգիենայի միջոցառումները ցանկացած դեպքում պետք է պահպանվեն, եւ դիմակների ռեժիմը խախտելու համար առնվազն 50 եվրո տուգանք կգանձվի։

Ըստ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալների՝ անցած օրերի ընթացքում Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1507 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից  SARS-CoV-2 վիրուսը հաստատվել է 237 936 մարդու մոտ: 9285 հիվանդ մահացել է COVID-19 վիրուսի հետեւանքով առաջացած թոքերի հիվանդությունից, նրանցից հինգը՝ վերջին օրվա ընթացքում: