Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը Թուրքիային կոչ է արել դադարեցնել երկրի ինքնիշխանությունը խախտելը: Այս մասին նա ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պառլիի հետ հանդիպման ժամանակ:
Սալիհի խոսքով՝ Թուրքիայի ռազմական ներխուժումը Իրաք պետք է դադարեցվի, հաղորդում է Al Arabiya-ն: Նա նշել է, որ Անկարայի գործողությունները խախտում են միջազգային իրավունքն ու խզում բարիդրացիական հարաբերությունները:
Այցով Բաղդադում գտնվող ֆրանսիացի նախարարը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է Իրաքի անվտանգության ուժերին ուսուցանել, զինամթերք եւ նյութատեխնիկական աջակցություն տրամադրել:
Հունիսին Թուրքիան Քրդստանի բանվորական կուսակցության դեմ օդային եւ ցամաքային հարձակում է սկսել Իրաքի հյուսիսում:
Նախօրեին Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական ուժերը կշարունակեն ռազմական օպերացիաները Իրաքի հյուսիսում այնքան ժամանակ, քանի դեռ «վերջին ահաբեկիչը չի ոչնչացվել»:





























