Ամուլսարում այս պահին հարաբերական անդորր  է, խաղաղ վիճակ է: Այս մասին NEWS.am-ին ասաց բնապահպան, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը` նշելով, որ խոսակցություններ կան, որ սեպտեմբերից «Լիդիան»-ը սկսելու է հանքը շահագործել:

«Մենք միշտ պատրաստ ենք հակազդելու, բայց արդեն լուրջ չենք հանքը շահագործելու մասին խոսակցություններին, դա գնահատում ենք որպես պարապ զրույցներ, քանի որ Ամուլասարի շահագործումը հեռանկար չունի»,-ասաց նա:

Ակտիվիստի խոսքով`հարցն արդեն քաղաքական կոնտեքստ  է կրում,  եթե բնապահպանական ռիսկերը հաշվի չեն առնում եւ հարցը պետք է վարչապետը լուծի.«Բայց մենք երբեք չենք ընկրկի, ինչպես, որ հայ ժշողովուրդը չի ընկրկի Արցախյան հարցում: Մենք իզուր չենք ասում, որ Ամուլսարը հայրենիք է, դա պատասխանատվություն է, եւ իշխանություններին քաղաքական կամք եմ մաղթում` Ամուլսարի հարցը լուծելու համար»:

Բունիաթյանը նշեց, որ այս պահին էլ օրը 24 ժամ հերթապահություն  է իրականացվում Ամուլսարի պոստերում, միակ տարբերությունն այն է, որ Ամուլսարի պահապաններն են շատացել եւ ամեն պահապան 15 օրը մեկ է հերթապահության մնում:

Բնապահպանի խոսքով` եթե «Լիդիան»-ը փորձի քայլեր ձեռնարկել, ոչ միայն  ջերմուկցիներն են պայքարելու, այլ ամբողջ հայ ազգը, քանի որ Ջերմուկը ոչ միայն ջերմուկցիներինն է, այլ ժողովրդինը: