Դեռեւս անհիշելի ժամանակներից Հայկական լեռնաշխարհում զբաղվում էին դեղաբույսերի մշակմամբ։ Այստեղից էին արտահանվում մի շարք արժեքավոր բույսեր, օրինակ՝ հայտնի ուպանը։ Ինչպես 1-ին դարում իր «Բնական պատմություն» աշխատության մեջ հիշատակում է հռոմեացի գրող Պլինիուս Ավագը, ուպանի տոնուսավորող եւ երիտասարդացնող հատկությունները բարձր էին գնահատում Հռոմում՝ օգտագործելով թոքախտի, տենդի, լյարդի ցիռոզի եւ մի շարք այլ հիվանդությունների բուժման համար։ Հայկական խոտաբույսերի մասին իրենց գործերում հիշատակել են նաեւ պատմիչներ Հերոդոտոսը, Ստրաբոնը, Քսենոփոնն ու Տակիտոսը։
Այսօր էլ Հայաստանի բարձրադիր լեռներում ծնված դեղաբույսերն ու բուսական թեյերն արտահանվում են աշխարհի տարբեր երկրներ՝ այդ թվում եւ Եվրոպական միություն՝ արժանանալով ընդհուպ մինչեւ Գերմանիայի կանցլերի բարձր գնահատականին։ Մրցունակության եւ արտահանման ներուժի զարգացման գործում հայաստանյան թեյարտադրողներին օգնում է նաեւ Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը։ Ծրագիրն իրականացվում է Առեւտրի միջազգային կենտրոնի կողմից Եվրոպական միության աջակցությամբ ԵՄ-ն բիզնեսի համար (EU4Business) նախաձեռնության շրջանակում։
Ինչպես ընդունված է ասել․ «որքան բարձր է լեռը, այնքան ավելի լավն է խոտաբույսը»։ Հավանաբար, հենց սա է հայկական խոտաբույսերի ու բուսական թեյերի հաջողության գրավականը, քանի որ նրանց մեծ մասն արտադրվում է վայրի հավաքի արդյունքում։ Տեղական արտադրանքի որակը բարձր են գնահատում նաեւ ծրագրի փորձագետները, ովքեր շարունակական խորհրդատվություն են տրամադրում հայաստանյան թեյարտադրողներին՝ օգնելով նրանց պատրաստել միջազգային շուկայի պահանջներին համապատասխան բուսական թեյեր։
«Որակի կառավարման չափանիշները կարեւոր են՝ սկսած խոտաբույսերի աճեցումից ու հավաքից։ Տեսակավորումը, չորացումը, ինչպես նաեւ պահեստավորումը՝ ապահովելով չոր եւ լուսավորությունից հեռու պայմաններ, չափազանց կարեւոր են որակյալ արտադրանք ունենալու համար։ Օրինակ, ՎՎՀԿԿ (վտանգների վերլուծության եւ հսկման կրիտիկական կետեր, HACCP) համակարգի ներդրումը հրաշալի միջոց է բիզնեսի համար՝ արտադրական ռիսկերը գնահատելու եւ որակը վերահսկելու համար», - նշում է թեյարտադրության միջազգային փորձագետ եւ սոմելյե Անջելա Փրայսը։
Անջելան եւ Հնդկաստանից թեյերի գիտակ Սանջո Գուհուն երկու տարի շարունակ դասընթացներ ու անհատական խորհրդատվություն են տրամադրել տեղացի թեյարտադրողներին՝ որակի գնահատումից մինչեւ մարքեթինգային ու լոգիստիկ լուծումներ։
«Այն, ինչ հաճելի է հայաստանյան սպառողին, միշտ չէ, որ դուրեկան է միջազգային՝ հատկապես եվրոպացի գնորդի քիմքին։ Օրինակ, տեղացի սպառողը սիրում է վառ արտահայտված համեր, իսկ եվրոպացի գնորդը նախընտրում է ավելի նուրբ համադրություններ։ Անջելայի խորհրդով մտադիր ենք ընդլայնել մեր արտադրությունը՝ համադրելով տեղական խոտաբույսերն ավանդական սեւ եւ կանաչ թեյերի հետ։ Նախատեսում ենք նաեւ մրգային թեյերի շարք թողարկել, ինչն առավել մրցունակ կդարձնի մեր արտադրանքը միջազգային շուկայում», - նշում է ծրագրի շահառու, «Ritea» ընկերության տնօրեն Ռիտա Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ Եվրոպական միություն արտահանման դեպքում բուժիչ նպատակներով արտադրվող բուսական թեյերի յուրաքանչյուր բաղադրամաս պետք է ճշգրտվի ԵՄ ուղեցույցի համապատասխան եւ ներկայացվի փաթեթավորման վրա։
Ծրագրի շրջանակում հայաստանյան ձեռնարկությունները խորհրդատվություն են ստացել նաեւ նոր արտահանման շուկաներ մուտք գործելու եւ միջազգային առաջատար հարթակներում իրենց արտադրանքը ներկայացնելու վերաբերյալ։ Տեղական արտադրողները նաեւ գործարար կապեր են հաստատել միջազգային գնորդների հետ մի շարք խոշոր ցուցահանդեսների ժամանակ՝ «BIOFACH» օրգանական սննդամթերքի, «ANUGA» սննդի եւ խմիչքների, ինչպես նաեւ սննդամթերքի վերամշակման «SIAL» ցուցահանդեսների ընթացքում։
«Հայկական դեղաբույսերի արտահանման ներուժը բավականին մեծ է։ Ընկերությունների հիմնական մարտահրավերն է ապահովել, որ բուժիչ նպատակներով արտադրվող բուսական թեյերը համապատասխանեն միջազգային շուկայի իրավական պահանջներին։ Վերջիններս վստահեցնում են, որ վաճառվող արտադրանքը չի պարունակում կեղծ տեղեկատվություն եւ չի մոլորեցնում սպառողին», - նշում է Անջելա Փրայսը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2019թ․ին Հայաստանից արտահանվել է 11,6 տոննա թեյ, իսկ Ազգային վիճակագրական կոմիտեի համաձայն՝ 2020թ․ի հունվար-հունիս ամիսներին՝ ընդամենը 1,5 տոննա, ինչը մեծապես պայմանավորված է COVID-19 ճգնաժամով։ Ծրագրի փորձագետի համոզմամբ՝ միջազգային մանրածախ շուկաներում ավանդական սեւ թեյի վաճառքն աստիճանաբար նվազում է՝ իր տեղը զիջելով բուսական ու մրգային թեյերին։ Օրինակ, 2013 թ․-ից ի վեր Միացյալ Թագավորությունում բուսական թեյերի վաճառքը մոտ 30%-ով աճել է, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում հայաստանյան արտադրողների համար այս եւ միջազգային այլ շուկաներ մուտք գործելու համար։
Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Առեւտրի միջազգային կենտրոնը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:





























