Հայաստանում ուսուցիչներին սոցփաթեթը հնարավորություն է տալիս այն առողջապահությունում օգտագործել, իսկ Արցախում ամբողջը սոցփաթեթ է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Կրթության համակարգում է հնարավորություն տալիս, Արցախում կրթությունը դարձել է անվճար: Այսինքն սոցփաթեթի միայն տուրիստական ուղղությունն է մնացել, որը չեմ համարում, որ կարեւոր ուղղություն է: Բայց մենք լրացուցիչ այլ սոցիալական ուղղություններ ենք տալիս, նույն ուսուցիչներին բոլորին հիփոթեքային արտոնություններ ենք տալիս: Այսինքն Արցախի ուսուցիչներն ավելի արտոնյալ վիճակում են լինելու, քան Հայաստանի ուսուցիչները»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը հավելեց, որ մտածում են նաեւ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ:
Նա անդրադարձավ նաեւ ոստիկանական եւ առողջապահության համակարգում աշխատավարձերի բարձրացմանը՝ նշելով. «Սեպտեմբերի 1-իզ զգալի բարձրացել է ոստիկանների աշխատավարձը: Բժիշկների աշխատավարձն ավելացել է 30, բուժքույրերինը՝ 25 տոկոսով, մյուսներինը՝ 15 տոկոսով: Հունվարի 1-ից նույնպես բարձրացում կլինի: Հունվարի 1-ից ամբողջ առողջապահական համակարգը քաղաքացիների համար կդառնա անվճար»:





























