Գյումրու խնամքի կենտրոնը դիմել է անձնագրային բաժանմունք,խնդրելով վերականգնել Նորագյուղի բնակիչ 32-ամյա Սերգեյ Գարուշյանի անձնագիրը, որպեսզի կարողանան սկսել նրա բուժումը: Այս մասին այսօր`սեպտեմբերի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց խնամքի տան համակարգող Արտեմ Պետրոսյանը:

Սերգեյին խնամքի տանն ընդունել են առանց փաստաթղթերի: Նրա հորաքրոջ տղան միայն ներկայացրել է անձնագրի պատճենը, որը եղել է ժամկետնանց:

Խնամքի կենտրոնը դիմել է անձնագրային բաժանմունք` վերականգնելու անձնագիրը, որից հետո իրեն գրանցելու են տեղամասային պոլիկլինիկայում, ինչպես մյուս բոլոր շահառուներին, ըստ այդմ էլ նրան կնշանակեն բուժումներ տեղամասային բժշկի ցուցումով:

«Ինչ-որ հստակ բուժում էլ չկա, քանի որ իր հիվանդությունն անբուժելի է, պարզապես նրան պետք է տալ սիմպտոմատիկ բուժում», ասել է Ա․Պետրոսյանը:

Ընդհանուր առմամ Սերգեյն իրեն խնամքի տանը շատ լավ է զգում, սակայն նրա առողջական վիճակը լավ բնութագրելը սխալ է, քանի որ նրա մոտ մանկական ուղեղային կաթված է, ունի տեղաշարժման և հատուկ խնամքի կարիք.

«Խնամքի մասով կարող եմ ասել, որ ամեն ինչ շատ լավ է, նրան կերակրում են, օգնում են քայլել սենյակում, առանց սայլակի քայլում է, սակայն, միայնակ թողնելը վտանգավոր է, քանի որ Սերգեյն ասել է, որ քայլելիս տանը մի քանի անգամ ընկել է, հիմա խնամողի ուղեկցությամբ է օրական մի քանի րոպե քայլում»,-ասաց խնամքի տան համակարգողը և հավելեց, որ նոր ընդունված շահառուները միշտ հոգեբանական խնդիրներ են ունենում նոր միջավայրում հարմարվելու առումով, սակայն Սերգեյի մոտ դա չի եղել, շատ շուտ է ադապտացվել. «Ամեն ինչից գոհ է, շնորհակալ է, մենք էլ, որպես մեր երիտասարդ խնամվողի, աշխատում ենք ավելի լավ վերաբերվել»:

Ա․Պետրոսյանը նշեց նաև, որ սենյակում հեռուստացույց է տեղադրվել, այնտեղ Սերգեյը իր պես մեկ այլ շահառուի հետ միասին է բնակցում:

Տեսակցության հետ կապված էլ Արտեմ Պետրոսյանն ասաց, որ պայմանավորված արտակարգ դրությամբ, դեռևս չի թույլատրվում, բայց նոր ցուցումներ կլինեն արտակարգ դրության ավարտից հետո, և տարածքում, պահպանելով հակահամաճարակային կանոնները, կթույլատրեն հանդիպումներ սեպտեմբերի 12-ից հետո:

Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ 23 հասցեում բնակվող 32–ամյա Սերգեյ Գարուշյանը, որն առաջին կարգի հաշմանդամ է, միայնակ ու անօգնական էր մնացել: Նրա մայրը՝ Կարինե Գարուշյանը, որը, հարևանների խոսքով, հոգեկան խնդիրներ է ունեցել, օգոստոսի 15-ին մահացել է: Սերգեյն ունի մանկական ուղեղային կաթված, մայրը ժամանակին տարել է վերականգնողական կենտրոն, սակայն, ինչպես նշում են հարևանները, երբ արդեն տղան չափահաս է դարձել, մայրը տեսել է, որ արդյունք չկա, մոր առողջությունն էլ գնալով վատթարացել է, դադարեցրել է բուժումը վերականգնողական կենտրոնում: