Ավելի քան 75 բարձր եկամուտ ունեցող երկրներ միացել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի գնման եւ արդար բաշխման գլոբալ մեխանիզմին, հայտարարել է GAVI դաշինքի ղեկավար Սեթ Բերքլին, հաղորդում է Reuters-ը:
GAVI դաշինքը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ Համաճարակային պատրաստվածության ապահովման ոլորտում նորարարության կոալիցիայի (CEPI) հետ միասին, COVAX կոչվող մեխանիզմի ղեկավարներից մեկն է, որի նպատակն է ապահովել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը ամբողջ աշխարհում:
Ըստ Բերքլիի՝ Ճապոնիան, Գերմանիան, Նորվեգիան եւ ավելի քան 70 այլ երկրներ հաստատել են իրենց մասնակցությունը նախաձեռնությանը: «Այսօրվա դրությամբ միջինից բարձր եւ բարձր եկամուտ ունեցող 76 երկրներ հաստատել են մասնակցության մտադրությունը, եւ մենք ակնկալում ենք, որ այդ թիվը կշարունակի աճել»,- ասել է Բերքլին: «Սա լավ նորություն է: Սա ցույց է տալիս, որ COVAX սխեման գործում է եւ գրավում է այնպիսի հետաքրքրություն աշխարհում, որի հույսը մենք ունեինք»,- հավելել է նա:
COVAX-ի համակարգողները բանակցում են Չինաստանի հետ՝ այդ սխեմային հնարավոր մասնակցության շուրջ, ասել է Բերքլին: Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հուա Չունինը ասել է, որ Չինաստանը «աջակցում է COVAX-ին եւ սխեմայի վերաբերյալ հաղորդակցվում է ԱՀԿ-ի եւ այլ կողմերի հետ»:
Միաժամանակ, ԱՄՆ-ը նշել է, որ չի միանա COVAX-ին, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առարկում է մեխանիզմում ԱՀԿ-ի ներգրավմանը։ Բերքլին ասել է, որ ինքը զարմացած չէ այս որոշումից, բայց կազմակերպությունը կփորձի շարունակել բանակցությունները Վաշինգտոնի հետ:
COVAX նախաձեռնության նպատակն է մինչեւ 2021 թվականի ավարտը արտադրել եւ մատակարարել COVID19-ի դեմ 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութեր: Ինը փորձարարական պատվաստանյութեր ներկայումս մշակման փուլում են, որոնց մի մասը կլինիկական փորձարկումների փուլում է: COVAX-ի երկրները նաեւ երկկողմ պայմանագրերի կամ այլ աղբյուրներից պատվաստանյութը ազատորեն ձեռք բերելու հնարավորություն ունեն:





























