ԱՄՆ-ն ՉԺՀ-ում աշխատող ամերիկացի դիվանագետների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու Պեկինի որոշումը «սրացում» է անվանել, հայտնում է AFP-ն:
Ավելի վաղ Չինաստանը հայտարարել էր ԱՄՆ-ի դիվանագետների «փոխադարձ սահմանափակումների» մասին` մի քանի օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց Պեկինի արտասահմանյան առաքելություններում աշխատող անձնակազմի նկատմամբ նոր սահմանափակումների մասին:
Պեկինը հայտարարել է, որ քայլերը կտարածվեն ԱՄՆ դեսպանատան եւ հյուպատոսության բոլոր աշխատակիցների վրա, այդ թվում` Հոնկոնգի գլխավոր հյուպատոսությունը եւ նրա աշխատակազմը, եւ այդ քայլն «օրինական եւ անհրաժեշտ պատասխան» է անվանել:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Պեկինի այս քայլը «սրացում» էր` վկայակոչելով Հոնկոնգում իր ներկայացուցչի նկատմամբ ոտնձգությունները եւ ամերիկացիների հետ Չինաստանի քաղաքացիների հանդիպումների սահմանափակումները` «հանդիպումների մասին նախնական ծանուցման նոր պահանջի» կապակցությամբ:
«Ծանուցման այս պահանջներն այժմ տարածվում են ԱՄՆ այն քաղաքացիների վրա, ովքեր կապված չեն ԱՄՆ կառավարության հետ: Մենք նման պահանջներ չունենք Չինաստանի քաղաքացիների նկատմամբ»,- ասել է նա:
Արտասահմանյան առաքելությունների շուրջ վեճը բռնկվել էր հուլիսին, երբ Վաշինգտոնը հրամայել էր փակել Չինաստանի հյուպատոսությունը Հյուսթոնում, ինչը Պեկինին ստիպեց փակել ամերիկյան հյուպատոսությունը Չենդուում:





























