Մաքսային ձեւակերպման տոկոսադրույքի բարձրացումը կհանգեցնի նրան, որ Հայաստանում հագուստը 2-3 անգամ կթանկանա։ Այս մասին սեպտեմբերի 14-ին մաքսատուրքերի բարձրացման դեմ բողոքի ցույցի ժամանակ ասաց անհատ ձեռներեց Աշոտ Ղարիբյանը։ Նրա խոսքով՝ փոփոխությունները կհանգեցնեն նրան, որ կտուժի երկրի ամբողջ բնակչությունը։
Ցույցի մեկ այլ մասնակից Կարինե Գեւորգյանի պարզաբանմամբ՝ իշխանությունները ոչ մի կոնկրետ բան չեն ասել, այդ թվում՝ խնդրի լուծման ժամկետների վերաբերյալ։ «Մենք ցանկանում ենք, որ տոկոսադրույքները գոնե նախկինը մնան, այսինքն՝ ելնելով ապրանքի կիլոգրամից, այլ ոչ թե հատով, ինչպես պահանջվում է Եվրասիական տնտեսական միության նորմերով։ Այսպիսի ծանր պայմանները կարող են հանգեցնել առեւտրի կետերի եւ աշխատատեղերի փակմանը՝ հաշվի առնելով, որ բնակչության նվազագույնը 30 տոկոսը առեւտրով է զբաղվում։ Պայմանները բարդանում են նրանով, որ չնայած առեւտրի բացակայությանը, մենք շարունակել ենք հարկեր վճարել։ Ինչ վերաբերում է Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկումներին, ապա այնտեղ ցանկանում են հանդիպում անցկացնել միայն այն որոշման շրջանակում, որն ընդունվել է, այսինքն՝ առայժմ չեն պատրաստվում ոչ մի բան վերանայել»,- հավելեց նա։ Գեւորգյանը հավաստիացրեց, որ բոլոր մարզերից ձեռներեցները պատրաստվում են գալ եւ միանալ ցույցերին։
Ցույցի մեկ այլ մասնակից Նիկոլայ Մարկոսյանը հավելեց, որ այս բոլոր փոփոխությունները «պետական մակարդակով ռեկետ» են, իսկ ինչ վերաբերում է ԵՏՄ նորմերին, ապա «չգիտես ինչու, այդ սահմանափակումները գործում են միայն Հայաստանում»։




























