Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով առաջին դատական նիստին Գագիկ Խաչատրյանը չի ներկայացել։
Նա դատարանին ներկայացրել է տեղեկանք այն մասին, որ ունի առողջական խնդիրներ եւ չի կարող ներկայանալ։ Նա միջնորդություն ներկայացրեց՝ նիստը հետաձգելու մասին։
Գործով մեղադրող դատախազն էլ դատարանին միջնորդեց՝ ՔԿՀ-ին դիմում ուղարկել այն մասին, թե ինչպե՞ս է Խաչատրյանի առողջական վիճակը։
Գագիկ Խաչատրյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք բաղկացած են մի քանի հատորից։
Նա նշեց, որ դատական նիստը պետք է հետաձգվի։
Նշենք, որ նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը, ներկա դատավարությանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։
Նախնական դատական նիստին դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը՝ գործով ամբաստանյալների խափանման միջոցները փոփոխելու վերաբերյալ։
Նշենք, որ երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):
Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):





























