Յոնբյոնի օբյեկտում Հյուսիսային Կորեայի ուրանի հարստացման արտադրության ցուցումներ կան, երկուշաբթի հայտարարել է ԱԷՄԳ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Ցուցումներ կան, որոնք համապատասխանում են Յոնբյոնում հարստացնող ցենտրիֆուգերով օբյեկտում ուրանի հարստացման արտադրության հետ։ Հավանական է նաեւ, որ Հյուսիսային Կորեան շինարարական աշխատանքները շարունակել է թեթեւ ջրով փորձարարական ռեակտորի ներսում։ Սակայն 5 մեգավատտ հզորությամբ միջուկային ռեակտորում եւ ռադիոքիմիական լաբորատորիայում նախկինի պես աշխատանքներ չեն տարվում»,- հայտարարել է Գրոսին՝ ելույթ ունենալով գործակալության կառավարիչների խորհրդում։

Նա հավելել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային գործունեությունը շարունակում է լուրջ մտահոգություն առաջացնել, երկրի միջուկային ծրագիրը խախտում է ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերը։ Գրոսին կրկին Հյուսիսային Կորեային բոլոր հարցերի շուրջ ԱԷՄԳ-ի հետո համագործակցության կոչ է արել, «հատկապես այն հարցերի, որոնք առաջացել են երկրում գործակալության տեսուչների բացակայությամբ»։

2018 թվականի սեպտեմբերին միջկորեական երրորդ գագաթնաժողովի արդյունքներով Հյուսիսային Կորեան խոստացել էր փակել Յոնբյոնում իր միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ ԱԷՄԳ-ը հայտարարել էր, որ Յոնբյոնի միջուկային կենտրոնում գործունեությունը շարունակվում է, բայց գործակալությունը դրա բնույթը եւ նպատակը չի կարող հաստատել առանց միջուկային օբյեկտին հասանելիության։