Լրագրող Բոբ Վուդվորդն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «բուլդոզեր» է անվանել, ում համար դժվար է լսել իր խորհրդականներին:

Վուդվորդը, ում «Ցասում» գիրքը հրատարակվել է նախօրեին,  Washington Post թերթին տված հարցազրույցում պատմել է իր աշխատակիցների հետ Թրամփի հարաբերությունների մասին:

Նրա խոսքով՝ նախագահն անում է այն, ինչ ցանկանում է, նա իմպուլսիվ է եւ հիմնվում է իր ունեցած տեղեկությունների վրա:

«Նա պարզապես ասում է այն, ինչ ուզում է, այդ պատճառով որեւէ հսկողություն չկա: Եվ դա խնդիր է»,-ասել է Վուդվորդը:

Նախօրերին Թրամփը ասել է, որ կարդացել է Վուդվորդի 480 էջանոց գիրքն ու այն շատ ձանձրալի անվանել:

Վուդվորդն ասել է, որ Թրամփը չի կարողանում տարբերել, թե ինչն է իրական, ինչը՝ ոչ:

Վուդվորդի անցկացրած լրագրողական հետազոտությունները ստիպել են ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիկսոնին հրաժարական տալ 1974 թվականի օգոստոսի 9-ին: