Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի տարածքում ծառահատումների դեմ պայքարող բնակիչներն առաջին դրական արդյունքն են գրանցել:
Քաղաքացիական ազգային նախաձեռնության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արթուր Մկրտչյանը վարույթ է ընդունել Կոմիտասի 5, 3, 7/1 շենքերի բնակիչների կոլեկտիվ հայցադիմումը ընդդեմ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ների, ինչպեսեւ բավարարել է հայցվորների միջնորդությունը եւ որպես հայցի ապահովման միջոց արգելել է պատասխանողներ «Լիբեր» եւ «Ռեմ-Գրուպ» ՍՊԸ-ներին, ինչպես նաեւ վերջիններիս աշխատակիցներին Երեւան քաղաքի Կոմիտաս պողոտա 5 հասցեում շինարարության իրականացումն ու ծառահատումները:
Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը ուշադրության կենտրոնում է պահելու նշված գործը` շարունակելով աջակցել նշված շենքերի բնակիչներին մինչեւ այս հասցեում վերջնականապես չկասեցվի բազմաբնակարան շենքի կառուցումը եւ չվերականգնվեն բոլոր կտրված ծառերը, ինչպես նաեւ հետեւողականորեն տեղեկացնելու է հասարակությանը դրա ընթացքի մանրամասների մասին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2005թ. քաղաքապետարանը թույլատվություն է տվել «Լիբեր» ՍՊԸ-ին 12 հարկանի շենք կառուցել Կոմիտասի 5ա, 3, 7 եւ 7/1 շենքերի միջեւ, իսկ այնտեղ այսօր գոյություն ունեցող տրամվայ-տրոլեյբուսներին սպասարկող ենթակայանը, ըստ այդ թուլտվության, քանդվելու էր եւ նորից կառուցվելու արդեն Կոմիտասի 5ա շենքին գրեթե կպած: Այդ տարածքի բնակիչները դեմ են այդ նախագծին, քանի որ արդյունքում պետք է ծառահատումներ տեղի ունենան:




























